Փաշինյանը վստահ է, որ Վաշինգտոնյան իր արկածախնդրությամբ ձեռք է բերել բավական ծանրակշիռ «հաղթաթղթեր»

18/08/2025 09:58 Քաղաքական

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի արձակուրդից վերադառնալը ոչ թե սովորական առօրյա իրադարձություն է, այլ քաղաքական դաշտի համար ազդանշան, որ առաջիկա օրերին ու շաբաթներին սպասվելու են զարգացումներ՝ հստակ նախանշված սցենարային ուղղվածությամբ, որի հիմնական շարժառիթը, բնականաբար, գալիք ընտրություններում ցանկացած գնով իր ու իր քաղաքական թիմի վերարտադրվելն է:

Փաշինյանը վստահ է, որ Վաշինգտոնյան իր արկածախնդրությամբ ձեռք է բերել բավական ծանրակշիռ «հաղթաթղթեր», որոնք առաջիկա ընտրությունների ժամանակ՝ հերթական, թե արտահերթ, ակնհայտորեն, խաղարկելու է: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ արտահերթ ընտրությունները չնայած քիչ հավանական են, այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ բացառել չի կարելի՝ հատկապես իրադարձությունների որոշակի ընթացքի պարագայում:

Այս առումով հատկանշական է, որ ներկայում առկա է տեղեկատվական անորոշություն, թե արդյո՞ք Ալյասկայում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել են նաև այսպես կոչված «Զանգեզուրյան համաձայնագիրը»։ Եթե դա իսկապես տեղի է ունեցել, ապա Փաշինյանի համար հավանական են անսպասելի լրացուցիչ խոչընդոտներ, որոնք կարող են խառնել նրա նախապես գծագրված պլանները։

Մյուս կողմից, շատ մոտ ապագայում տեղի է ունենալու Փաշինյանի այցը Մոսկվա: Ամենայն հավանականությամբ, իր Մոսկվայի այցին ընդառաջ՝ Փաշինյանը փորձելու է վերսկսել Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի դեմ նախապես ազդարարված իր արշավանքը։ Դա իրեն անհրաժեշտ է՝ երկրի ներսում արհեստական խառնաշփոթ և արտաքին ազդեցությունների հանդեպ «կոշտ» դիրքորոշման իմիտացիա ստեղծելու համար։ Նրա հաշվարկով սա թույլ կտա որոշակի ռեպուտացիոն առավելություններ ձեռք բերել և, հետևաբար, էլեկտորալ դաշտում մեղմել այն կորուստները, որոնք կարող են առաջանալ, եթե Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ստիպված լինի գնալ ցավոտ զիջումների (օրինակ՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման հարցում)։

Աշնանային հավանական աշխուժացմանն ընդառաջ, ստեղծված իրավիճակում ի՞նչ է պահանջվում ընդդիմադիր դաշտից:

Ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտը կանգնած է վճռական ընտրության առաջ։ Ժամանակն է, որ մի մասը վերջապես դուրս գա թմբիրից, իսկ մյուսը մասն արագ ավարտի իր «տնային աշխատանքը» և բոլորը միասին փորձեն ուղիներ փնտրել առնվազն մի քանի օրակարգային հարցերի շուրջ համաձայնության գալ և համախմբվել։ Այդ համախմբումը պետք է լինի ոչ միայն «հանունի», այլև «ընդդեմի» շուրջ, մասնավորապես` հանուն Հայրենիքի և պետականության պաշտպանության և ընդդեմ ապազգային իշխանության և պետականության կորստի»։

—00—ՄԱ