Մենք գործ ունենք Հայաստանը կառավարող ծաղրածուի՞, թե ծանր ապրումների մեջ գտնվող հոգեկան հիվանդի՞ հետ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․
«ԻՆՉՊԵՍ ԱՆԳՈՐԾՈւՆԱԿ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Նիկոլ Փաշինյանն վերադարձավ արձակուրդից և անմիջապես արեց երեք գրառում, որոնցից կարելի է եզրակացնել, որ այսօր Հայաստանը կառավարում է մի մարդ, որն իր մտավոր և հոգեկան վիճակով, մեղմ ասած, ադեկվատ (համարժեք) չի իր գործառույթին:
Առաջին գրառումը վկայում է այն մասին, որ Զեմֆիրայի, Ջենիֆեր Լոպեսի և Արկադի Դումիկյանի համերգներին եկած մարդկանց թիվը Փաշինյանը ներկայացնում է որպես իր կողմից «Իրական Հայաստան» հորջորջված խաղաղության հաստատման քաղաքականության արդյունք:
Երկրորդ գրառումով, արձագանքելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումներին, մեզանից բոլորիցս ներողություն է խնդրում իր հրապարակային անպարկեշտ հայտարարությունների համար, խոստովանելով, որ չի կարողացել պատշաճ կերպով կառավարել իր «էմոցիաները»:
Երրորդ գրառումով, սաղմոսի միջոցով, Փաշինյանն Աստծուց մեղքերի թողություն է խնդրում իր անօրենության և այդ մեղքերի ամբարշտության համար:
Այս ամենը ցույց է տալիս, որ ի դեմս Փաշինյանի մենք այսօր գործ ունենք մի մարդու հետ, որն ադեկվատ չի ընկալում իրականությունը, փորձում է բացարձակապես կողմնակի, գործին չվերաբերող երևույթներով ապացուցել սեփական իրավացիությունը, կառչում է ցանկացած պոզիտիվից իր բերած նեգատիվը ծածկելու նպատակով, գտնվում է ներքին ծանր հոգեբանական պայքարի հոգեվիճակի մեջ, չի կարողանում անգամ հանուն պետականության և հանրային համերաշխության կառավարել էմոցիաները:
Մեծ հաշվով, մենք գործ ունենք Հայաստանը կառավարող ծաղրածուի՞ թե ծանր ապրումների մեջ գտնվող հոգեկան հիվանդի՞ հետ, այդքան էլ կարևոր չի:
Խոսքը իրականում վարչապետի գործունակության մասին է, որը մեր օրենսդրությունը նկարագրում է հետևյալ կերպ. անձը կարող է անգործունակ ճանաչվել, եթե 1) նա տառապում է հոգեկան խանգարումով, 2) չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
Ցավոք սրտի, ի տարբերություն օրինակ ԱՄՆ-ի, մեր Սահմանադրությունը ՀՀ ղեկավարին անգործունակ հայտարարելու հստակ սահմանադրական մեխանիզմ չի նախատեսում: Եթե սխալվում եմ, խնդրում եմ իրավաբաններին արձագանքել»:
—00—ՄԱ