Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի մտահոգությունների հարցը․ Խարազի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը կոչ է արել Հայաստանին փարատել Բաքու-Երևան գործարքի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունները, որը կարող է հիմք դառնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի հետագա միջամտության համար։ Հայտնում է Mehr իրանական լրատվական գործակալությունը։
Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հանդիպել և բանակցություններ է վարել Թեհրանում գտնվող ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։
Ըստ լրատվական գործակալության՝ շեշտելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և մշտական սահմանները հարգելու, ինչպես նաև Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ Խարազին իր անհամաձայնությունն է հայտնել ԱՄՆ-ի՝ որպես երկու երկրների միջև հաղորդակցության ուղին կառավարող ներդրող ընկերության ներկայության հարցում։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունը կլուծի Իրանի Իսլամական Հանրապետության մտահոգությունների հարցը»,-ասել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը։
Իր հերթին, ՀՀ փոխարտգործնախարարը հույս հայտնեց, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Հայաստան կատարելիք այցով և նոր հուշագրերի կնքմամբ երկու երկրների միջև համագործակցության ուղին կդառնա ավելի ամուր։
—00—ՄԱ