Չի բացառվում՝ «Թրամփի երթուղու» շուրջ կան պայմանավորվածություններ Ռուսաստանի և Վաշինգտոնի միջև

16/08/2025 16:54 Քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Թրամփի ուղու» հնարավոր գործարկման մասին Ռուսաստանի դիրքորոշմանն է անդրադարձել։ Մասնավորապես՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարության կապակցությամբ քաղաքագետը գրել է․

«Փոխվարչապետ Օվերչուկի հայտարարությունը շատերին զարմացրեց․ սպասում էին կտրուկ մերժում, սակայն հնչեց այս ձևակերպումը․ «Եթե Հայաստանի համար լավ է, մենք աջակցում ենք»։

Ի՞նչ է սա նշանակում։ Հնարավոր պատճառները մի քանիսն են․

Ուկրաինական պատերազմի պայմաններում Մոսկվան խուսափում է նոր ճակատ բացել ԱՄՆ-ի հետ։

Կրեմլում չեն հավատում «Թրամփի երթուղու» իրական հեռանկարին և կոշտ հակազդեցությունը համարում են անիմաստ։

Չի բացառվում, որ այս հարցում կան որոշակի պայմանավորվածություններ Վաշինգտոնի հետ։

Միևնույն ժամանակ ակնհայտ են նաև ռիսկերը․ Արևմուտքի ազդեցության մեծացում Կովկասում, Հայաստանի աստիճանական հեռացում ռուսական ուղեծրից, ինչպես նաև Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքերի ամրապնդում։

Սակայն կան նաև հնարավորություններ․ Մոսկվան կարող է ներգրավվել տնտեսական բաղադրիչներում, պահել բանակցային խաղաթուղթ և ներկայանալ որպես խաղաղարար։

Արդյունքում՝ նման դիրքորոշմամբ Մոսկվան այս պահին էական կորուստ չի կրում․ եթե նախագիծը տապալվի՝ ոչինչ չի կորցնի, իսկ եթե այն իրագործվի, հնարավորություն կունենա ներգրավվելու կամ առնվազն օգտագործելու այն իր շահերի համար»։

—00—ՄԱ