Իշխանությունը թաքնվո՞ւմ է «ուշգիշերային դատավճիռների» ետևում
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․
«Հայաստանի քաղաքական և դատական համակարգերում բարոյական ճգնաժամի խորությունը նորից ակնհայտ դարձավ ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով։ Վերջինիս վերաբերյալ ապօրինի որոշման վերահաստատումը ոչ միայն իրավական խախտումների մասին է վկայում, այլև՝ հանրային արժեքների հանդեպ բացահայտ քամահրական վերաբերմունքի։
Ուշագրավ է, որ թե՛ Կարապետյանի ձերբակալությունը, թե՛ առաջին և երկրորդ դատավճիռները կայացվել են ուշգիշերային ժամերին։ Նույն կերպ են վարվել նաև Բագրատ և Միքայել սրբազանների կալանավորման դատավճիռների կայացման ժամանակ։ Դժվար է հավատալ, որ սա արվել է ընթացակարգային պատճառներով կամ նրանց կողմնակիցների հնարավոր արձագանքներից խուսափելու նպատակով։ Ավելի տրամաբանական է ենթադրել, որ արդարադատության համակարգը քաղաքական իշխանության կողմից վեր է ածվել խամաճիկային գործիքի։ Գիտակցելով ժողովրդի առաջ իր քայլերի ծանր հետևանքները՝ գործող վարչակարգը, կարծեք, փորձում է այդ որոշումներն իրականացնել գաղտագողի՝ «ուշգիշերային դատավճիռների» տակ թաքնվելով։ Հետաքրքիր է՝ իշխանությունն այս կերպ ում է փորձում խաբել՝ հանրությա՞նը, թե՞ ինքն իրեն։
Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կարապետյանի կողմից քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին հայտարարությունից հետո իշխանությունը, սեփական շահերը սպասարկելու նպատակով, պատրաստում է նոր, առավել գարշելի սցենար՝ նրան լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու և այդ կերպ հեղինակազրկելու համար։
Սակայն նման խարդավանքները դատապարտված են ձախողման։ Հայաստանի հանրությունը վաղուց արձանագրել է, որ գործող վարչակարգը իր քաղաքական վարքագծով շատ հեռու է գնացել ազգային և պետական առաջնահերթություններից՝ գերադասելով փոքրիկ խմբակի տևական գոյությունը՝ անկախ դրա կործանարար հետևանքներից։»։
–00—ԱՊ