Արցախը՝ Վաշինգտոնի հռչակագրի մեծ բացական. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակ

13/08/2025 21:23 Քաղաքական

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության Շրջանակը հայտարարություն է տարածել Վաշինգտոնյան հռչակագրի վերաբերյալ, որի մեջ, մասնավորապես, ասված է.

«Օգոստոսի 8-ին, Հայաստանը եւ Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին խաղաղության համաձայնագրի կնքման մտադրության մասին հռչակագիր, որը ներկայացվում է որպես պատմական։ Սակայն Հարավային Կովկասի կայունացման ակնհայտ ցանկության հետեւում, այս տեքստը շրջանցում է մի շարք կենսական հարցեր, ինչը վտանգում է արդարցի եւ կայուն խաղաղության հեռանկարները։
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը ողջունում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ խաղաղության համաձայնության հասնելու պատրաստակամությունը, որը վկայում է տարածաշրջանում նոր էջ բացելու ձգտման մասին։ Սակայն, Շրջանակը ափսոսանք է հայտնում, որ հռչակագիրը ոչ անդրադառնում է Արցախից տեղահանված, 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման զոհ հայ գաղթականների վերադարձի իրավունքին, ոչ էլ Բաքվում դեռևս պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցին։ Այն լռում է նաեւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցում, որն այսօր լուրջ սպառնալիքի տակ է՝ ոչնչացման կամ յուրացման տեսքով։

Մեկ այլ մտահոգիչ հանգամանք է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ դիմումը Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի եւ հարակից մեխանիզմների լուծարման» վերաբերյալ։ Թեպետ այս կառույցը վերջին հինգ տարիների ընթացքում փաստացի չի գործել, նման նախաձեռնությունը, եթե այն ընդունվի, վերջնականապես կզրկի միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հարցերի բազմակողմանի և օրինական հիմքով լուծելու հնարավորությունից։

Հռչակագրով նախատեսվում է Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման համար» նախագծի իրականացումը, որը ներառում է «անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքով»։ Փաստացի, այս միջանցքը կապելու է Ադրբեջանը Թուրքիայի հետ եւ անխուսափելիորեն կուժեղացնի տարածաշրջանում այս երկու պետությունների ռազմավարական դիրքերը ։  Ֆրանիսա-Արցախ Շրջանակը խորապես մտահոգված է ուժերի անհավասարակշռության խորացման հեռանկարից, որն արդեն իսկ ներկա է տարածաշրջանում՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության:

«Մեր հին եվրոպական մայրցամաքի պատմությունը մեզ հիշեցնում է, որ ցանկացած գնով խաղաղության ձգտումը երկարատեւ խաղաղության համար լավագույն երաշխիքը չէ : Ագրեսորի ախորժակի կանխումը վերջինիս ցանկությունները բավարարելը միջոցով  պատրանքը բազմիցս հերքվել է մեր պատմության ընթացքում։ Եթե մենք ընդունում ենք այս ճշմարտությունը ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում, ապա պետք է նաեւ ընդունենք, որ այն լիովին կիրառելի է Լեռնային Ղարաբաղի /խաղաղության հռչակագրում մեծ բացակայի/ հակամարտության նկատմամբ».- նշել է Ֆրանսուա Պուպոնին, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանի նախագահը»։