Ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին․ Սամվել Կարապետյան

13/08/2025 15:27 Քաղաքական

Գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ուշադրության արժանի երկու իրադարձություն է սպասվում առաջիկա օրերին։

Առաջինը. վաղը տեղի է ունենալու իմ ապօրինի կալանքի վերաբերյալ դատական նիստը։ Սա միայն իմ խնդիրը չէ. այս նիստում ընդունվելիք որոշմամբ կհասկանանք՝ գոյություն ունի՞ արդյոք արդարադատություն Հայաստանում։ Դատավորները պատրա՞ստ են արժանապատվորեն կատարել իրենց աշխատանքը, թե՞ փոքրիկ խմբակին դուր գալու համար չեն խորշի հեղինակազրկումից: Շատերը կասեն, թե պատասխանն արդեն պարզ է, բայց սպասենք՝ հասկանանք։
Երկրորդ. շուտով հանրությանը կներկայացնենք «Մեր ձևով» շարժումը։ Այս նախաձեռնությունը ձևավորվել է հստակ գաղափարների շուրջ և մեծ ծրագրեր ունի Հայաստանի համար։ Մեր նպատակներն են՝

• զարգացնել տնտեսությունը,
• ստեղծել իրական հնարավորություններ բիզնեսի և հարստացման համար,
• ամրապնդել ընտանեկան ու ազգային արժեքները,
• վերականգնել Հայաստանի՝ վստահելի գործընկերոջ համբավը,
• ապահովել արցախցիների՝ արժանապատիվ ապրելու իրավունքը,
• երիտասարդներին վերադարձնել ապագայի նկատմամբ հավատը՝ զարգացնելով կրթական համակարգը,
• պահպանել ու պաշտպանել մեր Սուրբ Եկեղեցին։

«Մեր ձևով» շարժումը դառնալու է այն հենքը, որի վրա կձևավորվի նոր քաղաքական ուժը. ուժ, որի կարիքը բոլորն են զգում այսօր։ Մեր ծրագրերը հաստատուն են։ Մենք շարունակելու ենք Մե՛ր ձևով»։

—00—ՄԱ