ԵԽ ներկայացուցիչները հույս են հայտնում՝ կլուծվեն հայ գերիների հարցերը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Մասնավորապես, Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ադրբեջանական զորքերը հնարավորինս արագ դուրս կբերվեն Հայաստանի տարածքից և կլուծվեն Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարցը:
Մենք ջերմորեն ողջունում ենք Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները և, մասնավորապես, այս տարվա մարտին կողմերի միջև համաձայնեցված խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, ինչպես նաև երկու երկրների ղեկավարների համատեղ հռչակագիրը, որում շարադրված են կայուն խաղաղության ճանապարհի հետագա քայլերը։
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վճռականությունը՝ վերջ դնելու նրանց բազմամյա հակամարտությանը, ինչպես նաև Միացյալ Նահանգների նշանակալի ներդրումն այդ դրական արդյունքի հասնելու գործում, որը հիմնված է նախորդ տարիների բանակցությունների վրա:
Կարևոր է, որ գործընթացը հնարավորինս շուտ շարունակվի նախաստորագրված խաղաղության պայմանագրի ստորագրմամբ: Երկու երկրների միջև ներքին, երկկողմ և միջազգային փոխադրումների համար հաղորդակցությունների բացման քաղաքական պայմանավորվածությունը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգանքի հիման վրա, ինչպես հայտարարվել է առաջնորդների համատեղ հռչակագրում, մեծ առաջընթաց է:
Մենք նշում ենք Հայաստանի մտադրությունը՝ համագործակցել Միացյալ Նահանգների և փոխադարձաբար որոշված երրորդ կողմերի հետ Հարավային Հայաստանով երթուղու զարգացման և կառավարման հարցերում և ողջունում ենք ներդրումներ տրամադրելու ԱՄՆ մտադրությունը։
Այս առանցքային ենթակառուցվածքային նախագիծը կբացի Հարավային Կովկասի հսկայական ներուժը առևտրի և տնտեսական բարգավաճման հանգույցի վերածելու համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների:
Թուրքիայի կառուցողական մասնակցությունն անփոխարինելի կլինի այդ առաջընթացի ողջ ներուժը բացահայտելու համար։ Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը աջակցել այս դրական իրադարձություններին՝ փոխադարձաբար պատասխանելով Հայաստանի՝ հարաբերությունները կարգավորելու և հայ-թուրքական սահմանը բացելու պատրաստակամությանը։
Մենք նաեւ ողջունում ենք առաջնորդների միանշանակ հավատարմությունը Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, ինչպես նաեւ միջազգային սահմանների անխախտելիության եւ տարածք ձեռք բերելու համար ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքներին:
Ակնկալում ենք, որ դա մոտ ապագայում կհանգեցնի սահմանազատման գործընթացի հետագա առաջընթացի և Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական ուժերի ամբողջական դուրսբերման։
Մենք նաև կարևորում ենք Ադրբեջանում հայ գերիների և տեղահանված արցախահայության չլուծված հարցերի լուծման անհրաժեշտությունը:
ԵՄ-ն ակտիվորեն մասնակցում է Հարավային Կովկասում կայունության եւ բարգավաճման աջակցությանը եւ պատրաստ է հետագայում եւս նպաստել կարգավորման գործընթացի առաջմղմանը: Այս գործընթացն առանցքային նշանակություն ունի նաև տնտեսական և պաշտպանական կապերի դիվերսիֆիկացմանն ուղղված Հայաստանի ջանքերի և նրա հայտարարած եվրոպական ձգտումների համատեքստում, որոնց Եվրոպական խորհրդարանը լիովին աջակցում է, ընդգծվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ:
–00—ՍՊ