Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում․ «Ապրելու երկիր»

12/08/2025 11:14 Քաղաքական

«Ապրելու երկիր» կուսակցությունը՝ կարևորելով Հայաստանի շուրջ ամուր և կայուն խաղաղության անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ միջազգային հանրության աջակցությունը և նախաձեռնողականությունը, միևնույն ժամանակ արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ առկա մարտահրավերները փորձում են մատուցել որպես «աննախադեպ հաջողություն»՝ միտումնավոր կերպով շրջանցելով այն արձանագրումը, որ այդ «աննախադեպության» գինը իրենք վճարել են Արցախի անունը այլևս չտալով և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ձախողմամբ, որի աննպատակահարմարությունը բազմիցս բարձրաձայնվել է մեր կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը:

«Ինչևէ, հաշվի առնելով ընթացող գործընթացները, «Ապրելու Երկիր» կուսակցությունը վերահաստատում է, որ․

• Հայ գերիների վերադարձը պետք է հանդիսանա Հայաստանի Հանրապետության հստակ պահանջը ուղղված Ադրբեջանին և միջազգային հանրությանը՝ որպես հնարավոր իրական խաղաղության նախապայման։

• Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրս գալը և Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է լինի հստակ և ժամկետային պարտավորություն կողմերի համար։

• Ստորագրած փաստաթղթում բացակայում է ճանապարհների ապաշրջափակման Ադրբեջանի պարտավորությունը, այլ առկա է ընդամենը «երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորություն»։

Դրա փոխարեն Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը և անհիմն պահանջների շարքը չի դադարում, հետևաբար խաղաղության հաստատման պատրանքը որպես «հաջողություն» հայ ժողովրդի վրա վաճառելը դիտարկում ենք որպես վտանգավոր նախընտրական մանիպուլյացիա՝ կուտակված ռիսկերի առկայությամբ։

Այս ամենին զուգահեռ, ակնհայտ է, որ Հայաստանի գործող իշխանությունը ի զորու չէ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը Ադրբեջանի հետ ստորագրված, այդ թվում՝ բազմակողմ, փաստաթղթերի շրջանակներում։

Հայաստանի զարգացման և մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում, որի կառավարման գլխավոր սկզբունքները լինելու են խոհեմությունը, պրոֆեսիոնալիզմը և նվիրումը»,- նշված է հայտարարության մեջ:

—00—ՄԱ