Վաշինգտոնում ստորագրված հակահայկական փաստաթուղթը ուղղված է տարածաշրջանի ուժային բալանսի խեղմանը
11/08/2025 23:05
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․
Օգոստոսի 8-ին` բնիկ ժողովուրդների միջազգային օրվա (ինչպես նաև օգոստոսի 10-ին` Սևրի դաշնագրի օրվա) նախօրեին, Վաշինգտոնում ստորագրված հակահայկական բնույթ ունեցող փաստաթուղթը հարված է ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետականությանը, անվտանգային համակարգին և ազգային ինքնիշխանությանը, այլև ծայրաստիճան վտանգավոր նախադեպ է՝ ուղղված ամբողջ տարածաշրջանի ուժային բալանսի խեղմանը և միջազգային իրավունքի ոտնահարմանը։
Փաստաթուղթը, իր բովանդակությամբ և ընկալումներով, իրականում դառնում է ադրբեջանական ցեղասպան քաղաքականության լեգիտիմացման գործիք՝ «կանաչ լույս» տալով Բաքվի ֆաշիստական և ավտորիտար վարչախմբին՝ շարունակելու իր համակարգված և հետևողական մշակութային ցեղասպանությունը Արցախի՝ դարավոր հայկական պատմամշակութային ժառանգության դեմ։
Այդ գործողությունները ոչ միայն հանցագործություն են համաշխարհային քաղաքակրթության դեմ, այլև ուղիղ ոտնձգություն են հայ ժողովրդի ինքնության, պատմական հիշողության և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ։
Վաշինգտոնյան այս խայտառակ փաստաթուղթը միջազգային իրավական և բարոյական պարտավորությունների բացահայտ խախտում է, որն օրինականացնում է Ադրբեջանի կողմից իրագործվող հանցավոր արշավը՝ ուղղված ոչ միայն հայկական եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանների և պատմական բնակավայրերի ոչնչացմանը, այլև՝ ամբողջ մի քաղաքակրթական տարածքի իսպառ ջնջմանը։
Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրության հանցավոր անտարբերության կամ կեղծ չեզոքության դրսևորում՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով Բաքվին ազատորեն և անպատժելիորեն վերաձևել իրականությունը՝ ըստ իր ցեղասպան տրամաբանության։
Սույն փաստաթուղթը սպառնալիք է հայ ժողովրդի` իր բնօրրանում ապրելու իրավունքի դեմ և միակողմանի զիջում, ընդհուպ մինչև թշնամու թելադրանքով նոր Սահմանադրության ընդունում, որտեղ այլևս խոսք չի լինի Արցախի ու Հայ Դատի համար պայքարելու մեր իրավունքների մասին։
Սա բացում է մի նոր «դուռ»` թշնամու ցեղասպան քաղաքականության շարունակության համար։
Այսպիսի փաստաթուղթը, բնականաբար չէր կարող պարունակել դրույթներ ոչ գերիների վերադարձի և ոչ էլ բռնի տեղահանված արցախցիների` իրենց բնօրրան վերադարձի մասին։ Հետևաբար, օգոստոսի 8-ին ընդունված այս փաստաթուղթը ոչ միայն հայ ժողովրդի ազգային շահերից որևէ կետ չի արտացոլում, այլև ուղիղ սպառնալիք է մեր պետականության գոյությանն առհասարակ։