Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի

11/08/2025 17:12 Քաղաքական

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),

գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,

ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական ​​հարաբերությունների հաստատման միջոցով,

առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,

արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,

համաձայնել են խաղաղություն և միջպետական ​​հարաբերություններ հաստատել միմյանց միջև հետևյալի հիման վրա.

ՀՈԴՎԱԾ VI

Ամբողջությամբ համապատասխանելով սույն Համաձայնագրի հոդված I-ով նախատեսված իրենց պարտավորություններին՝ Կողմերը բարեխղճորեն բանակցություններ կվարեն համապատասխան սահմանային հարցերով հանձնաժողովների միջև՝ համաձայն Հանձնաժողովների համաձայնեցրած կանոնակարգերի՝ Կողմերի միջև պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման մասին համաձայնագիրը կնքելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VII

Կողմերը որևէ երրորդ կողմի ուժեր իրենց համատեղ սահմանի երկայնքով չեն տեղակայի։ Կողմերը, մինչև իրենց փոխադարձ սահմանի սահմանազատումը և դրան հաջորդող սահմանագծումը, կիրականացնեն անվտանգության և վստահության ամրապնդման փոխհամաձայնեցված միջոցներ, այդ թվում՝ ռազմական ոլորտում՝ սահմանամերձ շրջաններում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։

ՀՈԴՎԱԾ VIII

Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։

ՀՈԴՎԱԾ IX

Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարադատության իրականացման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով։

ՀՈԴՎԱԾ X

Կողմերը կարող են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, տարանցիկ փոխադրման ու տրանսպորտային, բնապահպանական, հումանիտար և մշակութային, համագործակցություն հաստատելու նպատակով կնքել համաձայնագրեր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

_00_ՄԱ