Կողմերը հաստատում են՝ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և նման պահանջներ չեն առաջադրի
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),
գիտակցելով տարածաշրջանում արդար, համապարփակ և տևական խաղաղության հաստատման հրատապ անհրաժեշտությունը,
ձգտելով նպաստել այդ նպատակի իրականացմանը միջպետական հարաբերությունների հաստատման միջոցով,
առաջնորդվելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ, «Միավորված ազգերի կանոնադրությանը համապատասխան պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով (1970թ.), Եվրոպայում անվտանգության և համագործակցության Հելսինկյան կոնֆերանսի եզրափակիչ ակտով (1975թ.) և 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթիի հռչակագրով և նպատակ ունենալով զարգացնել հարաբերությունները նշված փաստաթղթերում ամրագրված նորմերի և սկզբունքների հիման վրա,
արտահայտելով իրենց միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փոխադարձ կամքը,
համաձայնել են խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատել միմյանց միջև հետևյալի հիման վրա.
ՀՈԴՎԱԾ I
Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը։
ՀՈԴՎԱԾ II
Ամբողջությամբ համապատասխանելով հոդված I-ին՝ Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի:
Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս Կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը։
ՀՈԴՎԱԾ III
Կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ կամ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հետ անհամատեղելի որևէ այլ ձևով ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից: Նրանք որևէ երրորդ կողմի թույլ չեն տա օգտագործել իրենց համապատասխան տարածքները մյուս Կողմի դեմ ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող ուժի կիրառման համար։
ՀՈԴՎԱԾ IV
Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց։
ՀՈԴՎԱԾ V
Երկու Կողմերի կողմից սույն Համաձայնագրի վավերացման ներպետական ընթացակարգերն անցած լինելու մասին ծանուցումների փոխանակումից հետո _____ օրվա ընթացքում Կողմերը դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն միմյանց հետ՝ Դիվանագիտական և Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի (համապատասխանաբար 1961թ. և 1963թ.) կոնվենցիաների դրույթներին համապատասխան։
—00—ՄԱ