Հայաստանին քաղաքական նոր ուժ է հարկավոր․ դա դեռ երեկվա օրվա ուշացած հրամայականն է
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

ՔՊ-ական նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը գրում է․
«1978-2025 թթ. ընթացքում, ԱՄՆ-ը երկրորդ անգամ մեր մակրոտարածաշրջանում աշխարհաքաղաքական նշանակության խաղաղության (մեր դեպքում դեռ պայմանական) նախագիծ է սատարում. առաջին դեպքում «քեմփ-դևիդյան» գործընթացն էր, որն հաջողությամբ հասցվեց իր տրամաբանական ավարտին, իսկ ներկայումս էլ` հայ-ադրբեջանականն (այսուհետ «վաշինգտոնյան փաստաթղթեր»), որը դեռ պետք է հասցվի ավարտին:
Ինչու՞ աշխարհաքաղաքական նշանակության.
ա) քեմփ-դևիդյան գործընթացի գլոբալ նպատակն էր արաբական աշխարհում ԽՍՀՄ դիրքերի թուլացումը, իսկ Եգիպոսը` արաբական երկրների շարքում, պաշտոնական Մոսկվայի ամենաազդեցիկ դաշնակիցներից էր,
բ) «Զանգեզուրի միջանցքը»` Տրանսկասպիական երթուղիների փոքր, բայց անչափ կարևոր բաղկացուցիչ է, նրա շահագործումը կամ բացումը այսպես կոչված «Մեծ Խաղից» դուրս է թողնում Ռուսաստանին և Իրանին, ավելին` մեծ հաշվով էական ռիսկեր առաջացնում նաև երկու երկրների անվտանգային միջավայրի համար: Այս ամենից առավել, թիրախավորվում է նաև Չինաստանը, որը տարիներ շարունակ իրանական նավթի հիմնական սպառողն է և ԱՄՆ-ի համար «աշխարհաքաղաքական քուլիսների» հետևում կանգնած ծանրակշիռ մրցակից: Չինական հսկա տնտեսության համար էներգակիր աղբյուրները` շնչառական խողովակներ են: Այս ամենին գումարվում է նաև ոչ պակաս կարևոր գործոն հանդիսացող «Մեծ Թուրան» ծրագրի կյանքի կոչելու հանգամանքը:
Այսպիսով, «վաշինգտոնյան փաստաթղթեր»-ի թերևս ամենակենտրոնական տեղը զբաղեցրեց «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ եռակողմ համաձայնության ձեռքբերումը: Եգիպտա-իսրայելական և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացները, պատմական իրողությունների տեսանկյունից բնականաբար շատ տարբեր են, սակայն, որպես ԱՄՆ-ի հովանու ներքո խաղաղությանը միտված (մեր դեպքում պայմանական) և միևնույն ժամանակ աշխարհաքաղաքական նախաձեռնություններ, ունեն որոշակի առանձնահատկություններ և տարբերություններ. ժամանակագրական, աշխարհաքաղաքական, իրավիճակային, մասշտաբային, անհատականություն-կերպարների առումով և այլն:
«Քեմփ-դևիդյան» գործընթացն պաշտոնական Կահիրեի համար իրական խաղաղության մասին էր, որտեղ Եգիպտոսն Իսրայելի հետ իրավահավասար կողմ էր` իր սեփական օրակարգով և դեռ ավելին:
Ավաղ, մեր դեպքում ակնհայտ է, որ այս պահի դրությամբ, համաձայն «վաշինգտոնյան փաստաթղթերի», ադրբեջանական կողմը մի շարք կարևոր հարցերի առնչությամբ արդեն իսկ շահեկան կարգավիճակում է (կետերի մասին անցած օրերին արդեն իսկ քանիցս գրվել է), ավելին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ համաձայնության նվաճումը` դարձավ թուրքական դարավոր երազանքի առհավատչյան, այսպես ասած «Մեծ Թուրանի սեզամը», որն անկախ իր տնտեսական շահութաբերության ցուցանիշներից` հայկական կողմի համար կարող է դառնալ աշխարհաքաղաքական թակարդ:
Տրանսկասպիական երթուղիների «աշխարհաքաղաքական փազլի» մաս կազմող «Զանգեզուրի միջանցքը» և Սյունիքը եղել են ու կան հայկական պետության էքզիստենցիալ անվտանգության «Աքիլեսյան գարշապարը». սա պատմական փաստ է:
Ավելին, մեծ է հավանականություն կա, որ հենց «Զանգեզուրի միջանցքի» շահագործման օրակարգի շուրջ Հայաստանը, հետզհետե կարող է ներքաշվել տարածաշրջանային որակապես նոր` կատաղի մրցապայքարի մեջ: Մոլորություն է չհիշել, որ Ռուսաստանը և Իրանը շարունակում են մաս կազմել Հարավային Կովկասի ուժերի հարաբերակցությանը. պայմանական լռությունը դեռ բացակայության` ցուցիչ չէ:
Հետևաբար, Հայաստանի համար «վաշինգտոնյան փաստաթղթերի» իրագործման գործընթացը պետք է դեռ ժամանակի փորձության միջով անցնի. եթե ԱՄՆ-ը ստանձնել է խաղաղության սույն գործընթացը, ապա առաջին նախապայմանը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխավորության մասին հայտարարությունը:
Այս առումով ԱՄՆ-ին մինչ օրս հաջողվել է երաշխավորել Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղությունն, այնպես որ Թրամփը այս մասով, և ոչ միայն, դեռ անելիք ունի:
Ի դեպ 2020թ. նոյեմբերի 9 եռակողմ հայտարարության 9-րդ կետն էլ չեղարկված չէ և մնացել է օդում դեռ առկախված: Ինչև է:
Երեկվանը՝ արդեն պատմություն է, այսօր Հայաստանն այլևս նոր իրողություններ է շեմել, իսկ վաղվա օրն՝ արդեն թակում է մեր դուռը: Վայնասունի և ընկրկելու ժամանակ չկա:
Հայաստանին քաղաքական նոր ուժ է հարկավոր, որակապես նոր գործընթաց. դա դեռ երեկվա օրվա ուշացած հրամայականն է. այն պետք է կարողանա վերաիմաստավորել արդի իրողությունները, վերագնահատել Հայաստանի շահերի առաջնահերթությունը և փորձի հասնել իրական խաղաղության՝ հենվելով մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման գրավականի վրա»:
—00—ՄԱ