Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցությունը նոր աստիճանի բարձրացավ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթղթերով միս ու արյուն է ստանում ռազմավարական գործընկերությունը, որն այս տարվա հունվարին հաստատվել էր երկու երկրների միջև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Հայաստանն ու Միացյալ Նահանգները օգոստոսի 8-ին երեք կարևոր փաստաթուղթ են ստորագրել, որոնցից առաջինը վերաբերել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի զարգացմանը, երկրորդը՝ կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում համագործակցությանը, ի դեպ այս ուղղությամբ ԱՄՆ-ն շատ քիչ երկրների հետ նման ֆորմատի փաստաթղթեր ունի կնքած։ Երրորդը, իհարկե, վերաբերել է էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացմանը և խորացմանը։ Ըստ էության, երեք փաստաթղթերն էլ, որոնք կնքվել են Վաշինգտոնում,ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի դիմակայունության և տնտեսական զարգացում ապահովելու համար։
Այս կտրվածքով պետք է նաև ընդգծել, որ, ըստ էության, միս ու արյուն է ստանում այն ռազմավարական գործընկերությունը, որը այս տարվա հունվարին արդեն իսկ հաստատվել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև, և երեկ կնքված փաստաթղթերով, ըստ էության, Թրամփի ադմինիստրացիան նոր շունչ տվեց ահս համագորխակցությանը, և, կարելի է անգամ ասել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցությունը նոր աստիճանի բարձրացավ»,-ասել է Կոստանյանը։
–00—ՅՄ