Վաղը կհրապարակվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը, բոլոր շահարկումները կդադարեն

10/08/2025 14:41 Քաղաքական

Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:

Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ։

Բայց ես կառաջարկեի մեկ այլ կարևորագույն, ես կասեի, անկյունաքարային իրողություն արձանագրել. Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար։

Հարց. Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով։

Պատասխան. Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն։

–00—ՅՄ