ՀՀ ԱԳ նախարարը մանրամասն ներկայացրել է Վաշինգտոնում ստորագրված երեք հուշագրերը

10/08/2025 14:35 Քաղաքական

Իսկապես, այցը կարևոր էր նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առաջմղման տեսանկյունից։ Փաշինյան-Թրամփ հանդիպման ընթացքում հնարավոր եղավ քննարկել ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր, ստորագրվեց երեք հուշագիր։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:

«Խաղաղության խաչմերուկի» կարողությունների զարգացման հուշագիրն արտահայտում է ԱՄՆ աջակցությունը «Խաղաղության խարմերուկ» նախագծին, ընդգծում Հայաստանի կարևոր դերը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և վերահաստատում է Միացյալ Նահանգների աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը։ Այն միտված է խթանելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը։ Այն ներառում է մասնավոր ներդրումների խրախուսում և մաքսային և սահմանային կարողությունների ամրապնդում։

Արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության վերաբերյալ հուշագիրը նպատակ ունի զգալիորեն խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգացնելով կիսահաղորդիչների էկոհամակարգը և արհեստական բանականության կիրառությունները։ Այն ընդգծում է մասնավոր ներդրումների և պետություն-մասնավոր համագործակցության, ակադեմիական գործընկերության կարևորությունը։ Կողմերը հանձն են առնում խթանել աշխատուժի պատրաստումը և ամրապնդել տեխնոլոգիական գործընկերությունը։ Կողմերը նաև մտադիր են աշխատանքներ տանել հասնելու անրաժեշտ պայմանների ապահովմանը՝ ԱՄՆ արտահանման վերահսկման շրջանակում Հայաստանի կարգավիճակը բարձրացնելու համար։

Էներգետիկ անվտանգության հուշագիրը միտված է աջակցելու Հայաստանի էներգետիկ կայունությանն ու էներգետիկ համակարգի արդիականացմանը, մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմանը, ինչպես նաև զարգացնելու քաղաքացիական միջուկային համագործակցությունը։

Հուշագիրը նաև նախատեսում է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խթանում և մասնագիտական կարողությունների զարգացում՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունը։

Նշվածի և ռազմավարական գործընկերության այլ բաղադրիչների կյանքի կոչման ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել ենք առաջիկայում ակտիվացնել համատեղ աշխատանքը։

Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ այս հանգրվանին հասնելու համար ամիսներ շարունակ մանրակրկտորեն պլանավորված աշխատանք է իրականացվել, և այս փուլում աշխատանքների ծավալը և բովանդակությունը պետք է էլ ավելի ընդլայնվի։ Երեկ նախագահ Թրամփը ստորագրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կյանքի կոչման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հրամանագիրը, և մոտ առաջիկայում մենք Երևանում ակնկալում ենք բարձրաստիճան քննարկումներ այս ուղղությամբ՝ օգտագործելու այս կարևոր պահը հետագա սերունդներին ավելի փոխկապակցված Հարավային Կովկաս ժառանգելու նպատակով։

–00—ՅՄ