ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագիրն աշխարհաքաղաքական աղետ է Վրաստանի համար․ Սաակաշվիլի

10/08/2025 13:44 Քաղաքական

Վրաստանի համար տեղի է ունեցել վատթարագույն աշխարհաքաղաքական աղետը։ Այս մասին գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Իմ օրոք Վրաստանի բարգավաճումը հիմնված էր տարանցիկ դերի վրա, որը մենք առաջին անգամ ձեռք բերեցինք Շևարդնաձեի ժամանակներում և խորացրինք իմ օրոք, զբոսաշրջության և մեր՝ ժողովրդավարության կարգավիճակի վրա, ինչը մեզ հատկապես գրավիչ դարձրեց ներդրումների համար։

Դրան նպաստում էին նաև իմ օրոք հաստատված լայն միջազգային կապերը և սրընթաց եվրաատլանտյան ինտեգրման մեկնարկը։ Այս չորս գործոններն ապահովեցին մեր անվտանգությունը, պաշտպանեցին մեր տարանցիկ դերը և հատկապես մեր ժողովրդավարական համակարգը. 2008 թվականին Բուշն ուղարկեց 6-րդ նավատորմը։

Իվանիշվիլին ոչնչացրեց վրացական ժողովրդավարությունը, մեկուսացրեց Վրաստանին իր գլխավոր դաշնակիցներից, և այժմ այս ամենի պատճառով մենք կորցնում ենք մեր տարանցիկ հանգույցի դերը։

Այսօր ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան միջազգային պայմանագրի ստորագրումը, որի համաձայն ԱՄՆ-ն 100 տարով վարձակալում է Զանգեզուրի միջանցքը, բացում է Եվրոպայից Չինաստան տանող նոր տարանցիկ միջանցք՝ այս անգամ շրջանցելով Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը։

Այո՛, հենց Իրանի և Ռուսաստանի հետ միասին մենք հայտնվում ենք լիակատար աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ։ Սա նշանակում է, որ Երկաթե վարագույրն իջնում է Կարմիր կամրջի վրա, և մենք անդունդն ենք գլորվում Մոսկվայի և Թեհրանի հետ միասին։

Վրաստանի միակ հեռանկարը դառնում է բնակչության էլ ավելի արագ արտագաղթը և աղքատությունը։ Ահա թե ուր հասցրեց մեզ Ամերիկայի և Եվրոպայի հետ ռազմավարական դաշինքի խզումը։

Ճակատագրի հեգնանքն է, որ այս ամենը տեղի ունեցավ օգոստոսյան պատերազմի տարելիցին»,- գրել է նա։