Գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը վաշինգտոնյան հնարավորությունն էր, որը ՀՀ ղեկավարը չօգտագործեց

10/08/2025 11:50 Քաղաքական

Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն առանցքային իրադարձություն է և շատ էական քայլ դեպի վերջնական ստորագրում և վավերացում։

«Ընդհանրապես հռչակագիրը նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվում է խաղաղություն։ Հռչակագրում հստակ գրված է, որ մենք փակում ենք թշնամանքի էջը, բացառում ենք ուժի կիրառումը և հարաբերությունները կառուցում ենք ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգրիտ նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական է Ադրբեջանի Հանրապետության տարածքի հետ։ Մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, և հաստատվում է խաղաղություն»,- ասել է Փաշինյանը։

Այս ամենին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե արցախահայերին թույլ կտրվի՞ վերադառնալ Արցախ, հարցն անտեսվեց նաև Թրամփի ու Ալիևի կողմից։

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հայ պատանդներին ու գերիներին հայրենիք վերադարձնելու համար առ այսօր եղած հնարավորություններից ամենամեծը հենց այս հնարավորությունն էր, որը ՀՀ ղեկավարը չօգտագործեց։

«Թե ինչո՞ւ չօգտագործեցին, սա Հայաստանի իշխանությունը պետք է բացատրի։ Վստահ եմ, եթե Հայաստանի իշխանությունը գերիների վերադարձը նախապայման դներ այս ստորագրությամբ, Թրամփը կճնշեր Ալիևին, որի արդյունքը դրական կլիներ։ Փաստացի իշխանությունը հրաժարվեց նախապայման դնելուց, և արդյունքում՝ որևէ գերի չի վերադարձվելու։

Ավելին ասեմ՝ կարող էին փուլ-փուլ վերադարձնել, ինչի հնարավորությունը շատ ավելի մեծ էր, քան բոլորին միանգամից վերադարձնելը, թեպետ լավագույն տարբերակը բոլորին վերադարձնելն էր, բայց կրկին հնարավորությունը չօգտագործեցին»,- 168.am–ի հետ զրույցում նշել է Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա, այս ամենին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունը զիջեց նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ առանց որևէ բանի, զիջեցին նաև «միջանցքային» ինչ-որ տրամաբանություն, որն Ալիևը պնդում էր ու փաստացի ստացավ։

«Իսկ ի՞նչ էր ուզում Ալիևը, ուզում էր ադրբեջանցիների ու ադրբեջանական բեռների անխոչընդոտ տարանցումը Հայաստանի տարածքում՝ փաստացի ստացավ։ Հաշվի առնելով տարբեր հայտարարություններ, այդ թվում՝ Թրամփի հայտարարությունը՝ «տարանցիկ գոտի», «միջանցք» և մի շարք այլ տերմինաբանություն օգտագործելով, հստակ է, որ այդ ուղղությամբ է ամեն ինչ գնում։

Փաստացի Նիկոլ Փաշինյանն Ալիևին զիջեց ամեն ինչ՝ փոխարենը չստանալով գեթ մեկ գերի, չստանալով նաև որևէ շոշափելի զիջում. տոտալ դիվանագիտական ձախողում, այն էլ այն դեպքում, երբ առկա է Թրամփի և Ամերիկայի այդքան մեծ ներգրավվածությունն այս գործընթացում»,- շեշտել է Արտակ Բեգլարյանը։

Նա նաև ասել է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Մինսկի խմբի լուծարմանը համաձայնություն տալը՝ ռազմավարական սխալ է, բայց սա չի նշանակում, որ արցախյան հարցի էջը փակվել է։ Իհարկե, ավելի է բարդացել Արցախի հարցը հետագայում բացելու հարցը։

«Ամենամեծ ռազմավարական սխալն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, մնացածը հենց սրանից բխող հետագա քայլեր են, հետևանքներ։ Իհարկե, չպետք է այս որոշմանը գնային։ Բայց եթե նույնիսկ գնացել են, սա չի նշանակում, որ՝ վերջ, ամեն ինչ անդառնալի է։ Գոնե այս զիջումը պետք է վաճառվեր մի քիչ բարձր գնով՝ առնվազն գերիների վերադարձով։

Իհարկե, այս ամենից հետո գերիների վերադարձի հույսերն ավելի նվազեցին, մնացել է իշխանություններին ճնշելու հնարավորությունը։ Նախ հանրային ճնշումը պետք է մեծ լինի ՀՀ-ում և սփյուռքում։ Հաշվի առնելով, որ այս իշխանությունները բարձր տոկոսով պոպուլիստական իշխանություններ են, իրենց համար հանրային կարծիքն ինչ-որ ձևով «կարևոր» է, դա «կարևոր» է լինելու հատկապես 2026 թվականին խորհրդարանական ընտրությունների շեմին։

Հետևաբար՝ կա հնարավորություն, կան նաև որոշակի գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, շատ մանրամասներ պետք է որոշվեն, այդ գործընթացներում հնարավորություն տեսնում եմ գերիներին վերադարձնելու, եթե, իհարկե, օգտագործեն»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։

–00—ՅՄ