«Դժվար է պատկերացնել ավելի բարենպաստ լուծում». «Նոր Ուժ» կուսակցության հայտարարությունը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր Ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։
«Վերջին առնվազն վեց տարիներին գործող իշխանությունների վարած հեղհեղուկ արտաքին քաղաքականությունը բազում աղետներ է բերել մեր ժողովրդին՝ տրամագծորեն փոխելով Հայաստանի դիրքը տարածաշրջանում։ Ավելորդ է ասել, որ 2020-ի օգոստոսին Հայաստանը հակամարտությունը կառավարելու և երկարաժամկետ, արժանապատիվ ու ապահով լուծման տանելու անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ուներ, քան 2025-ի օգոստոսին։
Այսքանով հանդերձ, նախորդ գիշեր Վաշինգթոնում կայացած ԱՄՆ-ի, Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքները պետք է գնահատել իրատեսական դիրքերից՝ առանց ավելորդ վախճանաբանության ու առանց ավելորդ ոգեւորության։
Կարեւոր է գիտակցել, որ տվյալ պահին դժվար կլիներ պատկերացնել մեզ համար ավելի բարենպաստ լուծում, քան այն, ինչ ձեռք բերվեց արևմտյան գործընկերների մասնակցության շնորհիվ։ Առնվազն միջնաժամկետ հեռանկարում այն մեզ նոր պատերազմից խուսափելու և տնտեսական զարգացման հնարավորություն է տալիս։ Շեշտենք՝ հնարավորություն, բայց ոչ երաշխիք։ Նախաստորագրված համաձայնագիրն Ադրբեջանի հետ, ինչպես նաև՝ ԱՄՆ հետ ստորագրված փաստաթղթերը դրական արդյունք կարող են ապահովել բացառապես այն դեպքում, երբ պետությունը հաշվարկված ու հետևողական քաղաքականություն վարի՝ դուրս գալով անցած տարիների վայրիվերումների շրջապտույտից։ Անհրաժեշտ է հարթ և կանխատեսելի հարաբերություններ պահել տարածաշրջանային բոլոր գործընկերների հետ, իսկ ներքին քաղաքականության մեջ՝ վերադառնալ դեմոկրատական զարգացման ուղի՝ բացառելով քաղաքական հետապնդումներն ու ազատ խոսքի դեմ ոտնձգությունները։
«Նոր Ուժ» ռեֆորմիստների կուսակցությունը Հայաստանի քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցությամբ իր ավանդը կներդնի՝ հանուն Հայաստանի պետականության ամրապնդման, դեմոկրատական զարգացման և ժողովրդի բարեկեցության»,– ասվում է հայտարարության մեջ։
–00—ՅՄ