Կոնգրեսական Բրեդ Շերմանը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին

09/08/2025 13:57 Քաղաքական

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը դեմ է արտահայտվել Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի հնարավոր փոխանցմանն ու կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շերմանը հանդես է եկել հայտարարությամբ:

«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիայի համար։ Թեև Միացյալ Նահանգների ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանին կարևոր են, սակայն ԱՄՆ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունի՝ հավաստիանալու, որ Հայաստանը ստանում է արդար և իրական անվտանգության երաշխիքներ», – ասել է կոնգրեսականը:

Շերմանը շեշտել է՝ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չպետք է կասեցնի «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բաժինը՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնության արգելքի վերաբերյալ:

«Ադրբեջանական ուժերը շարունակում են անօրինական կերպով պահել հայ ռազմագերիներին: Բոլոր հայ ռազմագերիները պետք է անհապաղ ու անվերապահորեն ազատ արձակվեն»,-շեշտել է կոնգրեսականը:

–00—ՅՄ