Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը պարունակում է ծանր ու երկարաժամկետ վտանգներ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Խաղաղությունը կես ճանապարհով չի լինում․ այն կա կամ չկա
Վաշինգտոնում կայացած Փաշինյան–Ալիև–Թրամփ եռակողմ հանդիպումն ու ստորագրված հռչակագիրը, որ իշխանությունը ներկայացնում է որպես «խաղաղության» կարևոր քայլ, «իրական» Հայաստանի համար, ինչպես և կանխատեսվում էր, ոչ միայն իրական արդյունքներ չի ապահովում, այլև պարունակում է ծանր ու երկարաժամկետ վտանգներ։
Նույնիսկ հանդիպումից հետո վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսը, որտեղ փորձ արվեց պահը ներկայացնել՝ որպես պատմական և «խաղաղության դարաշրջանի» սկիզբ, ավելի շատ հարցեր առաջացրեց։
Փաստերը՝ առանց շղարշի․
Ադրբեջանի հաղթանակը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցում․ փակվեց Արցախի հարցում միջազգային միջնորդության վերջին հարթակը։
ԱՄՆ-ի կողմից սահմանափակումների վերացում․ Վաշինգտոնը չեղարկեց 1992-ից գործող արգելքը, որը կանխում էր պաշտպանական և ռազմական ուղղակի համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Սա Բաքվին տալիս է նոր ռազմական և տեխնոլոգիական հնարավորություններ։
Տարանցիկ ճանապարհ Սյունիքով․ հայկական կողմը համաձայնեց Ադրբեջանի համար ապահովել անխոչընդոտ կապ Նախիջևանի հետ։ Այն թեև կոչվում է «Թրամփի ուղի», բայց, ըստ էության, ամբողջությամբ համընկնում է թուրք–ադրբեջանական «Զանգեզուրի միջանցք» գաղափարին։ Քանի որ, եթե սա, իսկապես, խաղաղության գործընթաց է, ապա ինչո՞վ է պայմանավորված տարանցիկ կապուղիների վերահսկումը հանձնելը երրորդ երկրին միայն Հայաստանի տարածքում, այն էլ՝ Ադրբեջանի պահանջով։
Փոխարենը, բացի խաղաղության մասին անորոշ հայտարարություններից, մենք չստացանք ոչինչ. ո՛չ ռազմագերիների վերադարձի մասին համաձայնություն, ո՛չ Հայաստանի օկուպացված տարածքների հարցի լուծում, ո՛չ Արցախի հայության վերադարձի իրավունքի երաշխիքներ, ո՛չ մշակութային ժառանգության պաշտպանություն։ Իսկ մամուլի ասուլիսում այդ առթիվ հնչեցված խոսքերը, ըստ էության, հանրության «բերանը փակելու» անհաջող փորձ էին։
Այս ամենը ոչ միայն ապաշնորհ և միակողմանի քայլ է, այլև իշխանության կողմից հանրությանը շարունակաբար խաբելու ցինիկ փորձ։ Ավելին՝ այս քաղաքականությունը ծանրագույն բեռ է դնում Հայաստանի ապագա բոլոր իշխանությունների ուսերին, որոնք մեր ազգայինև պետական շահերը առաջ տանելու համար ստիպված են լինելու գործել խիստ սահմանափակ և վտանգավոր պայմաններում:
Խաղաղությունը կես ճանապարհով չի լինում․ այն կա կամ չկա։ Իսկ երբ այն կառուցվում է միայն մեկ կողմի շահերի վրա, դա ոչ թե խաղաղություն է, այլ խաղաղ ճանապարհով սեփական երկիրը կազմաքանդելու և պետականությունը լուծարելու համաձայնություն, որը ՀՀ գործող իշխանությունները շարունակում են կյանքի կոչել՝ «տնային նոր առաջադրանքներ» կատարելով:
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան
–00—ՅՄ