Այս զարգացումը պատմական հանգրվան է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին

09/08/2025 11:02 Քաղաքական

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ջերմորեն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, որը ճանապարհ է հարթում դեպի երկու երկրների միջև երկարատև հակամարտության վերջնական կարգավորում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ։

«Այս զարգացումը պատմական հանգրվան է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին, տարածաշրջան, որի կայունությունը կենսական նշանակություն ունի այնտեղ գտնվող բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Վրաստանի ժողովրդի բարգավաճման և անվտանգության համար»,- նշել է Բերսեն՝ ընդգծելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։

ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ խաղաղության հաստատման թեմայով պարբերաբար տարբեր հանդիպումների ժամանակ զրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։

«Ես ողջունում եմ երկու երկրների առաջնորդներին և քաղաքացիներին արդար և տևական խաղաղության ուղղությամբ իրենց ցուցաբերած քաղաքական կամքի, համառության և քաջության համար։ Տասնամյակներ տևած անվստահության, տարածքային վեճերի և մարդասիրական մարտահրավերների հաղթահարումը պահանջում է դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումներ բոլոր կողմերից։ Մենք կոչ ենք անում երկու երկրներին էլ անել առավելագույնը՝ շարունակելու առաջ շարժվել խաղաղության ուղղությամբ՝ ոչ միայն վստահությունը, կապը և ենթակառուցվածքները վերակառուցելու, այլև մեր հիմնական արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն ակտիվորեն ամրապնդելու համար, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները լիարժեք և արդյունավետ իրականացնելու միջոցով»,- հայտարարել է Բերսեն։

Նա նշել է, որ արդար և կայուն խաղաղությունը կչափվի ինստիտուտների դիմադրողականությամբ, քաղաքացիական ազատությունների կենսունակությամբ և բոլոր քաղաքացիների բարեկեցությամբ։ «Եվրոպայի խորհուրդը կշարունակի ջանքերը՝ նման արդյունքի հասնելու գործում իր ներդրումն ունենալու համար»,- հայտարարությունը եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։

–00—ՅՄ