Միջանցք այլևս չկա, հիմնական կենտրոնացումը լինելու է տարանցիկ և զարգացման նոր պլանի վրա․ Ռաուֆօղլու
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Վաշինգտոնում KyivPost-ի թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի, ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Վաշինգտոնում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգային հարցերի վերաբերյալ՝ հայտնելով, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու հանդիպման արդյունքներով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռաուֆօղլուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ եռակողմ հանդիպմանն ընդառաջ զրուցել է ԱՄՆ մի խումբ պաշտոնյաների հետ, որոնք էլ հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ են հայտնել։
Նա նշում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում միջանցքային տրամաբանությունը դուրս է եկել, հանդիպման ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է տարանցման և զարգացման նոր պլանի վրա, որը կոչվելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (Trump Route for International Peace and Prosperity) և հայտնի կլինի TRIPP հապավմամբ։
«Միջանցք այլևս չկա։ Գագաթնաժողովի ժամանակ հիմնական կենտրոնացումը լինելու է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագրի վրա»,- գրել է Ռաուֆօղլուն՝ շեշտելով, որ ԱՄՆ պաշտոնյաները իրեն ասել են, որ պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ