Ի՞նչ սպասել Վաշինգտոնից
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, որը տեղի է ունենալու ԱՄՆ նախաձեռնությամբ, այս օրերին հայկական ու ադրբեջանական փորձագիտական համայնքներում ամենաքննարկվող թեման է։ Քննարկումները հիմնականում մի հարցի շուրջ են՝ արդյո՞ք ստորագրվելու է որևէ փաստաթուղթ, որը միտված կլինի խաղաղությանը, թե՞ հանդիպումն ընդամենը դիվանագիտական հերթական ձևականությունն է։ Այս մասին գրում է քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։
«Իրականում, նման ձևաչափով հանդիպումներն ավելի շատ անհրաժեշտ են կազմակերպիչ կողմին, այս դեպքում՝ ԱՄՆ-ին։ Վաշինգտոնն, անկասկած, ձգտում է ամրապնդել իր դիրքը տարածաշրջանում՝ դիմակայելով ՌԴ-ի և Իրանի ազդեցությանը։
Բայց որքանո՞վ է այս հանդիպումն իրական հնարավորություն՝ կարգավորման կամ գոնե դրան տանող կոնկրետ քայլերի համար։ Ցավոք, հայկական կողմի ներկայիս վարքագծով հավանականությունը գրեթե զրոյական է։ Հայաստանի իշխանությունները շարունակում են հանդես գալ որպես երկրորդական, հարմարվող կողմ, որը գրեթե ոչ մի նախաձեռնողականություն չի ցուցաբերում։ Այս ֆոնին ակնկալել, որ Վաշինգտոնում Հայաստանը կօգտվի Սպիտակ տան հարթակից՝ բարձրացնելու գերիների, բռնազավթված տարածքների կամ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը, իրատեսական չէ։ Եթե նույնիսկ այդ խնդիրները շոշափվեն, ապա լավագույն դեպքում՝ ձևական մակարդակով։
Արդյունքում՝ ականատես ենք լինելու հերթական լավ բեմադրված ներկայացմանը։ ԱՄՆ նախագահը կփայլի միջազգային խաղաղարարի կերպարով, Ադրբեջանի ղեկավարը կհեշտացնի այդ փայլը իր ոճին հատուկ շողոքորթությամբ, իսկ Հայաստանի վարչապետը կբավարարվի Սպիտակ տան ճեմասրահում արված «ուրախ» տեսանյութով, որը հավանաբար բարձր դիտումներ կհավաքի՝ գործնականում ոչ մի արդյունք չապահովելով։
Սակայն իրականությունը տեսանյութերի մեջ չէ։ Իրականությունը քաղաքական նախաձեռնության, հստակ ռազմավարության և կամքի դաշտում է։ Խաղաղության հնարավորությունը սկսվում է ոչ թե մուրալով, այլ կառուցելով։ Երբ պետությունը չունի հստակ ճանապարհային քարտեզ, երբ բանակցություններում առաջնորդվում է ոչ թե իր օրակարգով, այլ կազմակերպիչ պետության սպասելիքներով, ապա արդյունքն էլ համապատասխան է լինում՝ զրո կամ բացասական։
Եվ այստեղ արդեն այլևս կարևոր չէ՝ հանդիպումը կազմակերպել է Վաշինգտոնը, Մոսկվան, Բրյուսելը, թե Աբու Դաբին։ Եթե դու բանակցային սեղանի շուրջ ես միայն այն պատճառով, որ քեզ կանչել են, ոչ թե այն պատճառով, որ գիտես՝ ինչ ես ուզում, ուր ես գնում և ինչ գնով, ապա, անկախ հանդիպման վայրից, դու տանելու բան չունես։
Խաղաղությունը նվեր չէ, որ ստացվում է լուսանկարի դիմաց։ Խաղաղությունը արդյունք է կշռադատված, հստակ, պահանջատիրական և համարձակ պետական ռազմավարության։ Առանց այդ հիմքերի խաղաղության հասնելու ճանապարհը ոչ թե ուղի է, այլ պատրանք։», – նշում է Դումիկյանը։
–00—ԱՊ