ԱՄՆ-ում Փաշինյանի ու Ալիևի հնարավոր հանդիպումը PR սցենար է Թրամփի ու Փաշինյանի համար․ քաղաքագետ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են, որ այս շաբաթավերջին Վաշինգտոնում Փաշինյանն ու Ալիևը կարող են հայտարարել «խաղաղության մտադրության մասին»։
Արդյո՞ք մեզ սպասվում է երաշխավորված խաղաղություն, թե՞ հիշենք համաշխարհային պատմության նախադեպերը, որոնք արյունալի վերջաբան են ունեցել: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Օսլոյի նախադեպը
Իսրայել–Պաղեստին, Նոբելյան մրցանակներ, ամերիկյան միջնորդություն, շքեղ խոստումներ։
«Հետո»-ն՝ արյուն, պատերազմ, նոր ճգնաժամեր, իսկ հիմա արդեն՝ բացահայտ ցեղասպանություն Գազայի հատվածում:
Կարո՞ղ է Հայաստանը խուսափել վատ հեռանկարից
Ի՞նչ է իրականում տեղի ունենում
Սա խաղաղության պայմանագիր չէ, այլ «մտադրությունների հայտարարություն», առանց պարտադիր մեխանիզմների։
Թրամփի համար՝ նախընտրական շքեղ PR՝ «Ամերիկան վերադարձել է Կովկաս» մոտավոր վերնագրով։
Թրամփն անցած ամիսներին հիմնականում ձախողվել է արտաքին քաղաքականության մեջ, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նրան պետք է հաջողության պատմություն:
Փաշինյանի համար՝ ներքին քարոզչական փրկօղակ 2026-ի ընտրություններին ընդառաջ:
Առանց նման մի փաստաթղթի՝ Փաշինյանի իշխանության վերարտադրության ցանկությունը լեգիտիմություն չի ունենա:
Ո՞վ է շահում
Ադրբեջանը
Ստանում է միջազգային լեգիտիմացում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։
Նոր հնարավորություններ Նախիջևանի կապի համար։
ԱՄՆ-ի աջակցություն՝ Ռուսաստանին ու Իրանին հակազդելու համար։
Հայաստանը
Լուսանկարներ Սպիտակ տանը։
Անորոշ խոստումներ ներդրումների ու անվտանգության մասին։
Իսկ իրականում՝ Սյունիքի ճանապարհի նկատմամբ ինքնիշխանության և իրավազորության սահմանափակման վտանգ, արտաքին ճնշումներ, ներքին պառակտում։
Իրանն ու Ռուսաստանը լուռ չեն մնա
Թեհրանը զգուշացնում է․ «Խաղաղությունը պետք է լինի առանց արտատարածաշրջանային միջամտության»։
Մոսկվան կորցնում է ազդեցությունը և հավանաբար կարձագանքի կոշտ քայլերով։
Վաշինգտոնի այս նախաձեռնությունը իրական խաղաղության երաշխիք չէ։
Դա PR սցենար է Թրամփի ու Փաշինյանի համար, որի գինը կարող է լինել Հայաստանի նոր զիջումները։
Այս պատմությունը, ցավոք, հիշեցում է ոչ թե խաղաղության, այլ միջազգային վատ նախադեպերի մասին»,- գրել է նա:
—00—ՄԱ