Ո՞ւմ է պատվիրակված Հայաստանի արտաքին անվտանգությունը
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Բանակի արդիականացումը չի կարող սահմանափակվել միայն նոր զինատեսակների մատակարարմամբ, եթե չկա դրա արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ մարտունակություն։ Ինչ վերաբերում է ԵՄ և ԱՄՆ հետ վերջին տարիներին խորացող համագործակցությանը, պետք է անկեղծ արձանագրել՝ արևմտյան աջակցությունը Հայաստանում առավելապես կառուցվում է քաղաքական և տնտեսական ոլորտներում՝ չունենալով կոնկրետ անվտանգության երաշխիքներ։ Դիտորդական առաքելությունները, բարձրաստիճան հանդիպումներն ու ֆինանսական աջակցության փաթեթները անկասկած կարևոր են, բայց՝ սահմանափակ գործնական ազդեցություն ունեն ռազմական իրականության վրա։ Երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացում Գեղարքունիքի կամ Սյունիքի ուղղությամբ՝ Եվրամիության դիտորդների «ներկայությունը» ցավալիորեն մնում է ձևական։ Փաստորեն աշխարհաքաղաքական այս բարդ իրադրության պայմաններում Հայաստանը շարունակում է մնալ առանց իրական ռազմաքաղական դաշնակիցների, իսկ երկրի ներսում հասարակությունը պետական ամենաբարձր մակարդակով հյուծվում է՝ վախի և ապատիայի հետևողական քարոզով։
Հետևաբար հարց է առաջանում՝ գործող վարչակարգը ո՞ւմ է իրականում պատվիրակել Հայաստանի արտաքին անվտանգությունը։
Ի վերջո, ակնհայտ է՝ որքան էլ դիվանագիտությունն առաջնային դեր ունի, այն չի կարող լինել արդյունավետ, եթե զերծ է հզոր պաշտպանական համակարգի աջակցությունից։ Միջազգային հարգանքն ու վստահությունն էլ գոյանում են միայն այն ժամանակ, երբ պետությունը ոչ միայն կարող է, այլև պատրաստ է պաշտպանել ինքն իրեն:
Հայաստանի արտաքին անվտանգության ապահովումը պահանջում է ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմ և հստակ ռազմավարություն, այլև հետևողականություն ու ամուր քաղաքական կամք։ Այսօր, երբ պետականությունը կանգնած է իրական վտանգի առջև, իսկ ժողովրդի զգալի հատվածը ապրում է անվտանգության լուրջ սպառնալիքների պայմաններում, գործող իշխանության շարունակական անգործությունը վերածվում է ազգային անվտանգության ճգնաժամի։ Տարածաշրջանային զարգացումները, արտաքին ճնշումներն ու ներքին կառավարման թուլությունը էլ ավելի են խորացնում արդեն իսկ առկա մարտահրավերները, որոնց անտեսումը վտանգում է ոչ միայն պետության կայունությունը և ազգային ինքնությունը, այլ նաև՝ Հայաստանի ինքնիշխան գոյության հիմքերը։
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան
–00—ԱՊ