Կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու միավորել քաղաքական առողջ ուժերը․ Արա Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, երկրի ամենակարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը փոխանցում է օտարերկրացիներին, մեծացնում է Հայաստանի պարտքը և նպաստում է գների բարձրացմանը։
Աբրահամյանի խոսքով՝ ինքը կօգնի միավորել Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։
«Չնայած ես չեմ մասնակցելու առաջիկա ընտրություններին, այնուամենայնիվ, ես կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու միավորել առողջ ուժերը, որոնք ունակ են հետևողականորեն օգտագործել առկա տնտեսական և մարդկային ներուժը՝ ի նպաստ հայրենիքի հզորացման», – ասաց նա։
«Վերջին յոթ տարիների պատմությունը տխուր վկայություն է այն մասին, թե ինչպես է Փաշինյանը, մանիպուլյացիաներ անելով, խաղալով մարդկային զգացմունքների հետ, անգիտակցաբար իրեն հավատացող մարդկանց դարձրել այն խաբեության և ազգային ողբերգության մեղսակից, որի ականատեսն ենք մենք այսօր», – հավելել է Աբրահամյանը։
—00—ՄԱ