Ղարաբաղյան պատերազմում Ռուսաստանը նույնպես պարտվել է, որովհետև պարտվել է Ռուսաստանի դաշնակիցը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

Որքան էլ պաշտոնական Մոսկվան փորձի հարցը ծածկադմփոց անել, շրջանցել կամ մոռացության մատնել, միևնույնն է՝ թե Ռուսաստանում, և թե ամբողջ աշխարհում բոլորը գիտեն՝ Ղարաբաղյան պատերազմում միայն Հայաստանը չէ, որ պարտվել է, Ռուսաստանը նույնպես պարտվել է, որովհետև պարտվել է Ռուսաստանի դաշնակիցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:
«Եթե Նիկոլական Հայաստանը սկզբում կապիտուլացվել, հետո հանձնել է Ղարաբաղը, ապա Պուտինյան Ռուսաստանը սկզբում ձևացրել է, թե Հայաստանի դաշնակիցը չէ, այլ ընդամենը միջնորդ է և խաղաղապահ, հետո խայտառակ կերպով ձախողել է միջնորդի ու խաղաղապահի իր հանձնառությունն ու առաքելությունը՝ 21-րդ դարում, փաստացի, դառնալով էթնիկ զտման ու հայրենազրկման մասնակից, այն էլ ինչպես իրենք են սիրում ասել՝ ռուսական հետնաբակ համարվող տարածքում:
Ռուսաստանն այս «թթու ջուրը» դեռ երկար է խմելու: Աշխարհում և հատկապես Ռուսաստանում դեռ հիշեցնելու են դաշնակցին «գցելու» և հանուն աշխարհաքաղաքական շահերի պետության (կամ կայսրության) հեղինակությունը զիջելու այս ցավոտ դրվագը: Իրականում մենք դեռ չգիտենք, թե Ռուսաստանն այս գինը վճարելով՝ ինչ է ստացել կամ ինչից է խուսափել: Չգիտենք նաև, թե Ռուսաստանն ինչպես է փորձելու իր հեղինակությունը վերականգնել և ինչպես է փորձելու փոխհատուցել հայերին: Այս բաց հարցերը նաև հնարավորություն են հայկական օրակարգերի համար, եթե, իհարկե, այդպիսիք կան:
Այնուամենայնիվ, պետք է ազնիվ լինել, մի կողմ դնել պոլիտկոռեկտությունն ու արձանագրել՝ Ռուսաստանը ճիշտ է՝ իր հեղինակության և բարոյականության հաշվին, բայց գործել է իր պետական շահերի համատեքստում: Ասել կուզի՝ մեր հարցերի առաջնային հասցեատերը Հայաստանում է ու նախ և առաջ Նիկոլն է: Ինչու՞ է Նիկոլը, որովհետև Նիկոլը պատերազմի դաշտում Ալևին պարտվելուց առաջ նախ պարտվել է Ալիևին Մոսկվայում:
Ալիևի ղազը դառնալուց առաջ Նիկոլը թույլ է տվել, որ Ալիևը Մոսկվայում Հայաստանն ու Արցախը դարձնի մանրադրամ ու լուծի իր խնդիրը: Այո, այո՝ հենց Մոսկվայում: Որովհետև հենց վարչապետ Նիկոլն էր 2018-ի ամռանը Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ կոկորդը պատռում, թե «եթե Ռուսաստանը չցանկանա, պատերազմ չի լինի»: Նիկոլը Մոսկվայում թույլ է տվել Ալիևին անել այն, ինչը թույլ չեն տվել Հայաստանի նախկին երեք ղեկավարները, ովքեր իրենց քաղաքականությամբ, եթե կուզեք՝ դրվածքով, այնպես են արել, որ Մոսկվայում դաշնակցին «գցելու» գայթակղություն չառաջանա:
Ինչու՞ եմ այս մտքերը հրապարակայնացնում, որովհետև համոզված եմ՝ Հարավային Կովկասում Հայաստան անունով հայկական պետության գոյության համար անհրաժեշտ է դաշնակից, իսկ Ռուսաստանից բացի այլ դաշնակից Հայաստանն ունենալ չի կարող: Մնացածը՝ Արևմուտք, Իրան, Չինաստան, Հնդկաստան և այլն, կարող են լավագույն դեպքում լինել Հայաստանի բարեկամները, բայց ոչ երբեք ռազմաքաղաքան դաշնակիցները:
Այս մտքերը հրապարակայնացնում եմ, որովհետև համոզված եմ՝ Արցախի հարցը փակ չէ, ընդհանրապես՝ Հայկական հարցը փակ չէ ու Հարավային Կովկասում ներկայության համատեքստում հոգեվարքի մեջ գտնվող Ռուսաստանը մի օր վերադառնալու է տարածաշրջան:
Չկասկածեք, երբ Ռուսաստանը վերադառնա, Ալիևի ղազը հաշված օրերի ընթացքում վարչապետի աթոռից թռնելու է, որովհետև նա այլևս ոչ մեկին պետք չի լինելու: Երբ ժամանակը գա, Մոսկվան այլընտրանք չունի՝ Հայաստանով խաղալու է, բայց այդ խաղը հնարավոր չէ խաղալ փալասացված պերսոնաժներով: Այս մասին իմացողները գիտեն, բայց առանձնապես չեն խոսում, երևի այո՝ այս պահին իմաստ չկա:
Բայց իմաստ կա քննարկելու և օրակարգային խնդիր դարձնելու երկու հարց՝
1. Որպես բարոյական փոխահատուցում՝ ի՞նչ ենք ակնկալելու Ռուսաստանից և Ղարաբաղի հարցում ի՞նչ ճանապարհով ենք գնալու՝ Հայկական Երկրորդ Հանրապետություն ունենալու՞, թե՞ մարզի կարգավիճակով ուղիղ անեքսիայի:
2. Ի՞նչ ենք անելու, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում իր դաշնակցին՝ Հայաստանին, այլևս երբեք «չգցի»: Մոտավորապես այնպես, ինչպես Ամերիկան չի «գցում» իր դաշնակից Իսրայելին, ինչքան էլ, որ հաճախ նրանց շահերը չեն համընկնում:
Համոզված եմ՝ սրանք ապագա Հայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության կրիտիկական հարցերն են և դրական արդյունք ունենալու համար այս հարցերի պատասխանները պետք է գտնել օր առաջ: Իսկ ով կփորձի այս հարցերը շրջանցելով՝ իշխանություն դառնալու դրոշակ բարձրացնել, իմացեք՝ կամ շառլատան է կամ էլ Նիկոլի գործակից»,-գրել է նա:
—00—ՄԱ