Ադրբեջանից ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ են անում դադարեցնել «հայկական լոբբիի միջամտությունը»

24/07/2025 21:19 Քաղաքական

Ադրբեջանական ՀԿ-ները ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել հայկական լոբբիի այսպես կոչված միջամտությունը։

Ադրբեջանական ոչ կառավարական մի խումբ կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյին, որում դատապարտել են հայամետ մի շարք կոնգրեսականների փորձերը՝ նշելով, թե իբր միջամտում են  Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին:

«Կարծում ենք, որ Բայդեն–Բլինքենի դարաշրջանի հայամետ գործիչները փաստացի բացահայտ սադրանք են իրականացրել Հարավային Կովկասում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ ջանքերի դեմ։ Վերջերս Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հանդիպում են ունեցել Աբու Դաբիում (ԱՄԷ) ։ Հաղորդվում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն համաձայնեցված է, իսկ խաղաղ գործընթացի առաջմղման բարդ ու լուրջ աշխատանքը շարունակվում է: Այս ֆոնին ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների կոչերը գործընթացին խանգարելու, արհեստականորեն լարվածություն ստեղծելու և տարածաշրջանում հակամարտության նոր օջախ հրահրելու փորձ են: Խորը ափսոսանք է առաջացնում, որ տարածաշրջանի հետ ոչ մի առնչություն չունեցող և նրա խնդիրների մասին պատշաճ իրազեկվածություն չունեցող անձինք անպատասխանատու հայտարարություններ են ստորագրում՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի կողմից նյութական խրախուսման դիմաց»,- նշվում է այդ երկրի ՀԿ-ի տարածած նամակում։

Նամակի հեղինակները հայտարարել են, թե ակնկալում են Թրամփի վարչակազմի աջակցությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության գործում:

–00—ՍՊ