Նիկոլին նոր թիրախ է պետք, նոր փուչ շարժման իմիտացիա. պատմաբան

23/07/2025 21:59 Քաղաքական

 

Պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Մայր Աթոռի նկատմամբ փաշինյանական ագրեսիային, գրում է.
«Նիկոլին նոր թիրախ է պետք, նոր փուչ շարժման իմիտացիա, որպեսզի խուսափի լճացումից և դրսի հրահանգավորումը կատարելուց բացի ցույց տա, որ մարմնաշարժության առումով պիտանելիության ժամկետը գործի մեջ է և առաջարկ֊մատուցման վրա ժամանակ չի խնայում։

Նիկոլին քաղաքացիական բախում է պետք, որպեսզի սկանդալային ծխածածկույթի տակ դավադրության արդեն հերթական դարձող արարն իրականացնի։
Իսկ այ քաոս պետք է գրեթե բոլորին, որովհետև եղբայրաջարդ (ուղղակի կամ անուղղակի) մթնոլորտում են օտարները ներխուժում` ազատագրության, սահմանադրական կարգի վերականգնման, օրինակարգության և մարդկանց իրավունքների պաշտպանության և նման լոզունգների ներքո։ Ուղղակի մյուս կողմը՝ չնայած ջոջերի հարուստ փորձին և վճռականության ունակությանը, սեղմված է հնարավորությունների մեջ։

Երկու կողմերին էլ տնային աշխատանք է առաջադրված, որտեղ հակահայ վարչակազմը ավելի շահեկան դիրքերում է բնականաբար, քան թե թույլիկ ու գոլ պառլամենտական ընդդիմությունը։

Եթե Երրորդ ուժը հիմա չմիջամտի` խաղաքարտերը խառնելու և իր հետ հաշվի նստելու առումով, հետո ուրիշների սխալների շտկման աշխատանքից պիտի սկսի։

Բայց, այնուամենայիվ կամ առաջին հերթին, եթե հիմա ամեն մեկս մեր պարզ պատասխանատվության զգացումը չապրենք, չգիտակցենք, որ այս օրերը նման են մեր պատմական այն շրջաններին, երբ հայկականության քաղաքական ինքնության հարցն էր որոշվում, չուղղենք մեզ նրան, որ յուրաքանչյուր ճգնաժամ մի մեծ փոփոխության, տիեզերական շրջադարձի և բարի սկզբի հնարավորություն է, ապա հետո մեզանից են պատասխան պահանջելու, թե ի՞նչու թույլ տվեցիք, որ պատմական դառնա վերջին պետությունը»:

–00—ՍՊ