ՀՀ դեսպանությունը ցավակցություններ է հայտնել Վիետնամում նավի շրջվելու հետևանքով զոհերի ընտանիքներին
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

Վիետնամում Հայաստանի դեսպանությունն իր խորին ցավակցություններն է հայտնել երկրի հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Հա Լոնգ ծովախորշում տեղի ունեցած փոթորկի պատճառով զբոսաշրջային նավի շրջվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Այս մասին Վիետնամում ՀՀ դեսպանությունը նշել է իր տարածած հաղորդագրության մեջ։
«Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում 2025 թվականի հուլիսի 19-ին Հա Լոնգում զբոսաշրջային նավի հետ կապված ողբերգական միջադեպի զոհերի ընտանիքներին և մաղթում նրանց ուժ և տոկունություն»,-ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։Վիետնամի հայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկում՝ Հա Լոնգ ծովախորշում, հուլիսի 19-ին հանկարծակի սկսված փոթորկի հետևանքով զբոսաշրջային նավը կողաշրջվել է՝ դառնալով 34 մարդու մահվան պատճառ։ 8 մարդ համարվում է անհետ կորած։ Wonder Sea նավի տախտակամածին եղել է 48 ուղևոր ու անձնակազմի 5 անդամ, բոլորը՝ Վիետնամի քաղաքացիներ։ Փրկարարներին հաջողվել է փրկել 11 մարդու։
Դրանց շարքում է 14-ամյա մի տղա, ով 4 ժամ է անցկացրել շրջված նավի տակ։ Հա Լոնգ ծովախորշը Վիետնամի ամենահայտնի զբոսաշրջային վայրն է։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։
—00—ՄԱ