Մեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրում է․
«Այսօր մեր պետությանը պետք են ամբողջովին նոր լուծումներ։ Հայաստանում պետք է ձևավորվի Նիկոլ Փաշինյանի ռեժիմին իրական և լուրջ այլընտրանք, որը մարդկանց մոտ չի ստեղծի վախ՝ թալանի վերադարձի հնարավորության վերաբերյալ: Այսինքն, պետք է ձևավորվի այնպիսի ուժերից բաղկացած քաղաքական կոնսոլիդացիա, որը ժողովրդի մեջ նման վախեր չի թողնի:
Բացի այդ՝ հասարակությունը վախենում է նաև, որ իշխանության կարող են գալ ռևանշիստ ուժեր, որոնք երկիրը Ադրբեջանի հետ նոր պատերազմի կտանեն։ Բայց ժողովուրդը պատերազմ չի ուզում, ժողովուրդը խաղաղություն է ուզում։
Հիմա Նիկոլ Փաշինյանը աղավաղված ու այլասերված ձևով սեփականաշնորհել է խաղաղության օրակարգը և այդ կերպ փորձում է ներկայացնել իրեն որպես խաղաղության միակ երաշխավոր։ Նա նույնացրել է իրեն խաղաղության գաղափարի հետ, և հենց դրանով է հաղթում մյուսներին՝ առայժմ։
Մեզ անհրաժեշտ է մի այնպիսի քաղաքական ուժ, որը կկարողանա առաջ տանել չաղավաղված ու իրական խաղաղության օրակարգ։ Ես տեսնում եմ այդ ուժի ձևավորման անհրաժեշտությունը և վստահ եմ, որ այն հաջողվելու է։ Հաջողվելու է, որովհետև հստակ տեսնում եմ հասարակական պահանջարկ։ Ժողովուրդը սպասում է դրան:
Այժմ ամեն ինչ կախված է քաղաքական և հասարակական համապատասխան գործիչներից, ովքեր դրսևորեն բավարար ճկունություն, ռազմավարական մտածողություն և քաղաքական հեռատեսություն՝ այդ ուժը ձևավորելու համար։
Ես լավատես եմ»։
—00—ՄԱ