Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները

18/07/2025 15:10 Քաղաքական

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ շեշտադրելով մասնավոր հատվածների միջև կապերի ամրապնդման և գործարար շփումների ակտիվացման կարևորությունը։

Դեսպան Արման Խաչատրյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը, ներդրումային միջավայրի բարեփոխումները, ինչպես նաև այն ոլորտները (ներառյալ բարձր տեխնոլոգիաները, էներգետիկա, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսությունը և տուրիզմը), որտեղ հնարավոր է համատեղ ծրագրերի իրականացում։

«Գոթիե Ռիկորը վերահաստատել է ֆրանսիական գործարար համայնքի պատրաստակամությունը՝ առավել ակտիվ ներգրավվելու Հայաստանի տնտեսության մեջ և դիտարկել նոր ներդրումային նախաձեռնություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կողմերը մտքեր են փոխանակել առաջիկա ամիսներին նախատեսվող համատեղ միջոցառումների, ներառյալ գործարար համաժողովների և առաքելությունների կազմակերպման շուրջ։

–00—ՅՄ