Թեհրանն անհանգստացա՞ծ է Փաշինյանի՝ «արտապատվիրակման» հայտարարությունից
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
Տեղի է ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղարի եւ Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հեռախոսազրույցը: Դատելով հաղորդագրություններից, հեռախոսազրույցի առանցքային թեման եղել է այսպես ասած ճանապարհների ապաշրջափակման հարցը:
Հիշեցնեմ, Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից երկու օր անց Ալի Ահմադիանը հեռախոսազրույց ունեցավ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի հետ, մեծ հավանականությամբ պայմանավորված նաեւ Էմիրություններում կայացած այդ հանդիպումով:
Հատկանշական է, որ Հայաստանի եւ Իրանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, որտեղ Փաշինյանը արձանագրեց «արտապատվիրակման» վերաբերյալ առաջարկների եւ քննարկումների առկայությունը:
Թեհրա՞նն է այդ հայտարարություններից անհանգստացած նախաձեռնել Երեւանի հետ հեռախոսազրույցը դրանից հետո, թե՞ Երեւանն է շտապել այսպես ասած պարզաբանումներ տալ Իրանին՝ անհանգստության առիթ չտալու համար:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որ կողմի նախաձեռնությամբ է եղել զրույցը: Բայց, ինչպես առիթ ունեցել եմ կարծիք հայտնելու, Իրանի վարքագիծը ինդիկատոր է: Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, Իրանի ԱԽ քարտուղարը վերհաստատել է Իրանի դիրքորոշումը եւ նաեւ Հայաստանի դիրքորոշմանն Իրանի աջակցությունը:
Սա կարող է նշանակել, որ Երեւանը հնչած հայտարարությունների առնչությամբ տվել է Իրանին բավարարող պարզաբանումներ: Գոնե առայժմ կարող ենք այդպես եզրակացնել, քանի դեռ չկան Իրանի վարքագծի վերաբերյալ նոր տեղեկություններ
–00—ՍՊ