Կարապետյան՝ Փաշինյանի գերի՞ն, թե՞ հայ Իվանիշվիլին. ՏԱՍՍ

17/07/2025 16:05 Քաղաքական

Ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության թղթակից, քաղաքագետ Նարեկ Գալստյանը հոդված է հրապարակել Սամվել Կարապետյանի կալանավորման մոտիվների ու նրա քաղաքական հեռանկարի մասին, որի թարգմանությունն էլ ներկայացնում ենք ստորև։

Հայ և ռուս խոշոր գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որին նախորդել էր Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությանը նվիրված ընդամենը մեկ հայտարարություն, իսկապես  կայծակի ազդեցություն ունեցավ հայկական քաղաքական և հասարակական կյանքում։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի իշխանությունները և վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ «հարձակվել» են Եկեղեցու և հոգևորականության վրա՝ անպարկեշտ խոսույթ օգտագործելով պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոսի  հրաժարականը։ Սամվել Կարապետյանը նշել է, որ եթե մնացած քաղաքական գործիչները չարձագանքեն այս «փոքրիկ խմբակի» գործողություններին, ապա «մենք մեր ձևով կմիջամտենք եկեղեցու դեմ արշավին»։ Հենց այս արտահայտությունն էր, որ Փաշինյանին բավական էր սոցիալական ցանցերում հարձակվելու Կարապետյանի վրա՝ սպառնալով, թե «պետության համը կմնա բերանդ»։

Հայաստանի քննչական համակարգը դրանից հետո անմիջապես նրան մեղադրանք առաջադրեց  սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար, և դատարանը նրան երկու ամսով կալանավորեց։

Ո՞վ է նա Հայաստանի համար

Սամվել Կարապետյանի կերպարի մասշտաբը հայ հասարակության համար հասկանալու համար բավական է նշել, որ նա այժմ գործնականում աշխարհի ամենահարուստ հայն է։ Միևնույն ժամանակ, Կարապետյանը շարունակում է պահպանել սերտ կապերը իր պատմական հայրենիքի հետ։

Տարիներ շարունակ նա ֆինանսավորել է խոշոր տնտեսական և բարեգործական նախագծեր Հայաստանում և «Էլեկտրական ցանցերի» սեփականատերն է, չնայած Փաշինյանն արդեն հայտարարել է այս ենթակառուցվածքը ազգայնացնելու իր մտադրության մասին։ Կարապետյանը երբեք անձամբ չի զբաղվել քաղաքականությամբ, բայց որոշ չափով միշտ ներկա է եղել քաղաքական ասպարեզում՝ հարազատների, ընկերների և համախոհների միջոցով։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարենը, երկար ժամանակ խորհրդարանի անդամ էր և նաև ղեկավարում էր Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը։ Ձերբակալված գործարարի ընկերներից է երկրի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը (2016-2018), ինչպես նաև բազմաթիվ խոշոր հայ գործարարներ, որոնք միշտ ազդեցություն են ունեցել հայկական քաղաքական ասպարեզում։

Ինչո՞ւ Փաշինյանը ձերբակալեց Կարապետյանին

Իմ կարծիքով, ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության իր սեփական մոտեցման մասին չէր կարող ընկալվել որպես սահմանադրական կարգը տապալելու կոչ։ Հետևաբար, նրա ձերբակալության հետևում կա  ավելի լայն քաղաքական ենթատեքստ։

Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ Կարապետյանը քաղաքական հավակնություններ ունի Հայաստանի համար այս ողբերգական պատմական ժամանակահատվածում։ Երկիրը գտնվում է անվտանգային ճգնաժամի մեջ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումներով։  Փաշինյանը ակնհայտորեն փոխում է Հայաստանի ուղղությունը՝ այն տանելով ոչ թե դեպի Եվրոպա, ինչպես ինքն է հայտարարում, այլ ուղիղ երդվյալ թշնամու՝ Թուրքիայի գիրկը։ Եվ Սամվել Կարապետյանի նման խաղացողի քաղաքական դաշտում ներկայությունը կարող է խառնել խաղաքարտերը։ Հատկապես այն ժամանակ, երբ Փաշինյանը, ըստ էության, կարողացավ մարգինալացնել ներկայիս ընդդիմությունը և, մեծ հաշվով, այսօր մրցակիցներ չունի։

Այսպիսով, Հայաստանի վարչապետը, շախմատային լեզվով ասած, «քայլ ձիով»  կատարեց և մեկուսացրեց պոտենցիալ մրցակցին։ Սկզբունքորեն, Փաշինյանն ինքը հաստատեց սա. հուլիսի 16-ին մամուլի ասուլիսում նա հայտարարեց, որ Հայաստանը «պռախադնոյ դվոր»  չէ այլ երկրների քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են գալ և զբաղվել քաղաքականությամբ։

Հնարավորություններ հայկական քաղաքականության մեջ

Հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ չի եղել որևէ օրինակ, որ խոշոր գործարարը ներգրավվի ընդդիմադիր քաղաքական պայքարի մեջ և հաջողության հասնի, չնայած նման փորձեր շատ են եղել։ Սակայն, ի տարբերություն նախորդ դերակատարների, Սամվել Կարապետյանի հիմնական ակտիվները չեն գտնվում Հայաստանում, ինչը նրան որոշակի գործողությունների ազատություն է տալիս։ Ահա թե ինչու, ի թիվս այլ բաների, որոշ հայ վերլուծաբաններ շտապեցին հիշել Վրաստանի նախկին վարչապետ և խոշոր գործարար Բիձինա Իվանիշվիլիի ֆենոմենն այն առումով, որ  նա կարողացավ միավորել ողջ քաղաքական դաշտը և հեռացնել այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Իհարկե, Փաշինյանն ու Սաակաշվիլին շատ ընդհանրություններ ունեն, ինչպես Վրաստանի նախկին «ընկած» առաջնորդն ինքն է խոստովանում իր գրառումներում, սակայն Կարապետյանի և Իվանիշվիլիի միջև համեմատությունները որոշ չափով չափազանցված են, այդ թվում՝ այն պատճառով, որ պատմական ժամանակաշրջանը և արտաքին ազդեցությունները տարբեր են։

Կարապետյանի քաղաքական հայտը

Արդեն բանտում Սամվել Կարապետյանը իր փաստաբանների միջոցով հայտարարություն արեց, որ այնուամենայնիվ պատրաստվում է ստեղծել քաղաքական ուժ, որը կհասնի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը և «կհամախմբի [հայ] ժողովրդին արդար և մեծ նպատակների շուրջ»։ Միաժամանակ նա անմիջապես դիստանցավորվեց Հայաստանում արդեն գործող ընդդիմադիր ուժերից, սակայն նշելով, որ չի բացառում համագործակցությունը որոշ ընդհանուր նպատակների համար։

Այս հայտարարությունը (առաջին հայացքից հավակնոտ) կարող է իրականանալ միայն այն դեպքում, եթե Կարապենյանն ունենա քաղաքական թիմ և գործողությունների ծրագիր, որը կարող է նախաձեռնողաբար ներգրավել հասարակության մեծամասնությանը, որը, ըստ հարցումների, չնայած ընդդիմադիր հայացքներ ունի, սակայն չի պլանավորում գնալ ընտրությունների (եթե դրանք տեղի ունենան հաջորդ կիրակի): Միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին կարգախոսները չեն ապահովի Կարապետյանի հաղթանակը։ Հայ հասարակության մեծ մասի համար, չնայած Փաշինյանի կառավարման տարիներին տեղի ունեցած աղետներին ու կորուստներին, դրանք բավարար չեն։

Անհրաժեշտ է ապահովել ապագայի բանաձև, հստակ ուղեցույցներ Հայաստանի անվտանգության համակարգի ռազմավարական զարգացման և վերափոխման համար։ Անհրաժեշտ է նաև այլընտրանք ներկայիս իշխանությունների «խաղաղության օրակարգին», որի համատեքստում նրանք զիջում են Ադրբեջանին հնարավոր ամեն ինչ, բայց այն ներկայացնում են «անվտանգ ապագայի» քողի ներքո։  Ավելին, այս պահին Կարապետյանը չի ցույց տվել այն մարդկանց, ովքեր կմիանան իր թիմին և կկարողանան վստահություն ներշնչել հայ ընտրողին։

Միայն փողը բավարար չէ

Ամփոփելով՝ միայն ֆինանսական ռեսուրսները բավարար չեն Կարապետյանի համար Հայաստանի քաղաքական ասպարեզում արմատական փոփոխություններ իրականացնելու համար։ Դրանք կարևոր են, բայց ոչ որոշիչ։

Փաշինյանը 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մարտադաշտ կնետի մի ամբողջ զինանոց, այդ թվում՝ «խաղաղ ապագայի» խոստումներ, «կալանավորված նախկին թալանչիներ» ներկայացումը և այս ճանապարհին նա կստանա Հայաստանի երբեմնի թշնամիների՝ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև ամբողջ Արևմուտքի աջակցությունը։ Եվրոպան վստահ է, որ թուրքական ազդեցությունը կվերացնի ռուսական ներկայությունը, և այդ պատճառով նրանք պատրաստ են «ներել» Փաշինյանին ամեն ինչ, նույնիսկ եթե նա բանտարկի իր քաղաքական հակառակորդներին։

Այսպիսով, միայն Սամվել Կարապետյանի գործողություններից, նրա քաղաքական ռացիոնալիզմից, նրա ներկայացրած թիմից և ծրագրերից է կախված, թե արդյոք նա կկարողանա դառնալ «հայ Իվանիշվիլի»՝ փոխարինելով Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում, թե՞ երկար ժամանակ կմնա նրա գերին։

–00—ՅՄ