Ինչո՞ւ է ԵՄ-ն սերտացնում կապերը Երևանի հետ, և ի՞նչ է կորցնում Վրաստանը

16/07/2025 22:53 Քաղաքական

Վերջին տարիներին Եվրամիության և Հարավային Կովկասի երկրների՝ հատկապես Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատվում են հակադիր միտումներ։ Մի կողմից՝ Հայաստան-ԵՄ կապերը շարունակաբար ամրապնդվում են՝ ընդգրկելով նոր ոլորտներ, մյուս կողմից՝ Վրաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունները գնալով սառչում են։ Քաղաքական ու ռազմավարական այս վերադասավորումները մեծապես ազդում են տարածաշրջանային առաջնահերթությունների վրա։

Եթե մինչև վերջերս Վրաստանը համարվում էր տարածաշրջանում ԵՄ-ի հուսալի գործընկերը, ապա այժմ այդ դերակատարումը կասկածի տակ է դրվում։ Այդ իսկ ֆոնին Հայաստանը դառնում է ավելի նախաձեռնող և շահագրգիռ կողմ՝ պատրաստ ընդլայնելու համագործակցությունը,-թեման հարցազրույցի տեսքով վերլուծում է jnews.ge-ն։

Վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների լավ դինամիկա է նկատվում, մեր հարցին, թե այս տեսանկյունից կարո՞ղ ենք խոսել Եվրամիության կողմից տարածաշրջանային առաջնահերթությունների աստիճանական վերանայման մասին, Բիլանիշվիլին պատասխանեց․

«Եթե երկու երկրներն էլ ցանկություն արտահայտող լինեին՝ Վրաստանը և Հայաստանը, պարզ է, որ այդ ժամանակ մենք առավել շատ զարգացում կունենայինք, բայց այս պահին կա միայն Հայաստանի ցանկությունը՝ լավ հարաբերություններ ունենալու Եվրամիության հետ, Վրաստանը նման ցանկություն չի արտահայտում, ընդհակառակը, հակասական վերաբերմունք ունի։ Դա բնական է, Եվրամիությունն այս դեպքում ոչինչ չի կարող անել, և բնականաբար, ով ուզում է լավ հարաբերություններ հաստատել իր հետ, նա տալիս է այդ հնարավորությունը, իսկ ով չի ուզում, չի կարող պարտադրել»։

Կարծիք կա, որ Եվրամիությունն այժմ փորձում է Հարավային Կովկասում այլընտրանքային հենարան ստեղծել։ Հարցին, թե արդյո՞ք Վրաստանը կորցրել է իր «կենտրոնական» դերը և կարո՞ղ է այն փոխարինվել Հայաստանով, նա կարծում է, որ այստեղ ոչ թե փոխարինելու մասին է, այլ ցանկություն արտահայտելու:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։