Հայաստանը կարևորում է ՄՔԴ-ի դերը խաղաղության և անվտանգության ապահովման գործում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեի և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերի հետ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային քրեական դատարանի միջև առկա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ընդգծվել է ՄՔԴ կողմից անկախ և անաչառ մոտեցման պահպանման կարևորությունը՝ օրինահեն և փաստահեն արդարադատության ապահովման համար:
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հռոմի կանոնադրությամբ նախատեսվող պարտավորություններին համապատասխանեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ներքին իրավական գործընթացների մանրամասները: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային փորձիև տեխնիկական օժանդակության կարևորությունը:
Միջազգային քրեական դատարան այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է նաև ՄՔԴ դատախազի տեղակալ Մեյմ Նիանգի հետ:
ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն՝ ուղղված միջազգային իրավական մեխանիզմների զարգացմանը և իրավական շրջանակի ամրապնդման գործում երկխոսության շարունակականության ապահովմանը:
Երկուստեք կարևորվել է ՄՔԴ և միջազգային իրավական մեխանիզմների դերը կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գրառում է կատարել Միջազգային քրեական դատարանի պատվավոր հյուրերի մատյանում: