Զբոսաշրջությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի և Հունաստանի համար․ դեսպան
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։
Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև 2024 թ․ փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամի և Enterprise Greece-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա այդ երկու կառույցների միջև համագործակցությանը։
Կողմերը քննարկել են երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև առկա ակտիվ համագործակցությանը, ինչպես նաև մի շարք ուղղություններով ձեռնարկվելիք նախաձեռնություններին ու քայլերին։ Կարևորվել է զբոսաշրջության ոլորտում բազմաշերտ համագործակցության ծավալումը` հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունը Հայաստանի և Հունաստանի համար։
Դեսպան Մկրտչյանը հավելել է, որ Հայաստանը մշտապես մասնակցում է Սալոնիկում կազմակերպվող Միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև «Ֆիլոքսենիա» զբոսաշրջային ցուցահանդեսին. 2022-ին Հայաստանն այդտեղ առաջին անգամ ունեցել է պատվավոր հյուրի կարգավիճակ, ինչը մեծ տեսանելիություն է ապահովել Հունաստանում։
Տնտեսական ակտիվություն ապահովելու նպատակով փոխադարձ ընդգծվել ոլորտային համագործակցության ծավալումը, B2B միջոցառումների, մասնագիտացված բիզնես ֆորումների կազմակերպումը, ինչը էլ ավելի կխթանի տնտեսվարողների հետաքրքրությունը երկկողմ ներդրումների ուղղությամբ։
Փոխնախարար Թեոհարիսն իր հերթին նշել է, որ Հունաստանը աջակցում է Հայաստանին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրագործման ընթացքում և այդ համատեքստում ու ԵՄ շրջանակներում ըստ անհրաժեշտության պատրաստ է անել ավելին։
–00—ՍՊ