Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստան-Ադրբեջան երկխոսության հարցում

16/07/2025 18:14 Քաղաքական

Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, «Առաջ Իտալիա» կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) խմբակցության փոխնախագահ, կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու Դեբորա Բերգամինը Հռոմում հանդիպում է ունեցել Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բերգամինն այդ մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունները:

«Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում՝ նպաստելով Հարավային Կովկասի կայունությանն ու զարգացմանը։

Հարավային Կովկասը ռազմավարական տարածաշրջան է, և այսօրվա հանդիպումը վերահաստատեց աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համատեղ հանձնառության կարևորությունը։

Որպես «Առաջ Իտալիա» կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու՝ խորապես համոզված եմ, որ երկխոսությունն ու դիվանագիտությունն են խաղաղ և բարգավաճ ապագայի կառուցման ուղին։

«Առաջ Իտալիա» կուսակցությունը պաշտպանում է միջազգային համագործակցության այն մոտեցումը, որը հիմնված է ազգերի միջև երկխոսության վրա։ Մենք կշարունակենք աշխատել Հայաստանի հետ կապերը խորացնելու և տարածաշրջանում կայունությունը խթանելու ուղղությամբ։ Շնորհակալություն եմ հայտնում դեսպանին՝ բաց և կառուցողական քննարկման համար»,- գրել է նա:

–00—ՅՄ