Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է և ոչ մեկը ոչինչ չի անելու․ Հակոբյան

15/07/2025 18:58 Քաղաքական

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միջանցքի մասին տիտուլյար ընդդիմության խոսկացությունը քանի՞ կոպեկ արժի: Խոսում են, որ ի՞նչ լինի… Նիկոլն Արցախ է հանձնել ու 150 հազար հայ մարդու փախստական դարձրել, ներկայիս ընդդիմությունն ի՞նչ է կարողացել անել, որ հիմա ինչ կարողանա անել:

ԱԺ-ում սուր հարցե՞ր է տվել անբարոյական սուտասանին, այդքա՞նը չի կարողացածը…

Եթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է և ոչ մեկը ոչինչ չի անելու՝ բացի, իհարկե, սուր հարցերից: Ես չեմ պնդում, որ խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլի հանցակիցն է, ես պնդում եմ, որ խորհրդանական ընդդիմությունն իրավիճակի վրա չունի շատ, թե քիչ զգալի ազդեցություն:

Դրա համար էլ «խորքային ժողովուրդը» (80 տոկոսը) որևիցե դրական ակնկալիք չունի ոչ Նիկոլից, ոչ էլ խորհրդարանական ընդդիմությունից: Ի տարբերություն Կիրիենկոյի զանգին սպասողների, ցանակացած բանական արարած հասկանում է՝ Նիկոլը մի օր չի լինելու, բայց հետնիկոլական Հայաստանում չի կարող ռեստավրացիա լինել (նախկին նախագահների դեմքով): Ու ինչքան այդ ռեստավրացիայի օրակարգը առաջ մղվի, այնքան «խորքային ժողովուրդը» մերժելու է այդ օրակարգը:

Իհարկե, տրանսֆորմացիա կարող է լինել, բայց ոչ երբեք ռեստավրացիա: Մինչդեռ, ինչպես կասեր Թալեյրանը՝ Բուրբոններն այդպես էլ ոչինչ չսովորեցին և ոչինչ չմոռացան…»։

–00—ՅՄ