Սահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը

15/07/2025 18:54 Քաղաքական

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը մեկնաբանել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի պնդումներն այն մասին, որ սահմանազատումից հետո Հայաստանի տարածքը կրճատվել է 343 քառ.կմ-ով։ Սարգսյանն այդ մասին գրել է սոցցանցերում՝ օգտատերերի հարցերին ի պատասխան։

«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը զբաղեցնում է 29 743 քկմ տարածք։ Սահմանազատման գործընթացի ժամանակ, ըստ ամենավերջին՝ 1974թ․-ի ճշգրիտ քարտեզների, այդ տարածքը 29 400 կմ/ք է»,-գրել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրով «կամրագրվի» այդ 29 400 քառ․ կմ-ոց տարածքը։

Sputnik Արմենիան պարզաբանման համար դիմել է սահմանազատման հարցերով ՀՀ պետական հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։

Հարցրել էինք, թե արդյոք Սարգսյանի խոսքերը համապատասխանում են իրականությանը, ինչքա՞ն է կազմում ՀՀ տարածքը ըստ 1974-1976 թթ․ (կամ սահմանազատման համար օգտագործվող) քարտեզների, ինչպես նաև խնդրել էինք հստակ նշել, թե ինչ չափի տարածք է Ադրբեջանն օկուպացրել ՀՀ տարածքից 2021-2022 թթ․։ Մեր հարցերին ուղղակի պատասխան չեն տվել։ Գրասենյակից նշել են, որ մեր բարձրացրած հարցերի վերաբերյալ արդեն իսկ պաշտոնական հայտարարություններ եղել են, և հղումներ են ուղարկել:

«Նշված հարցերի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ այս պահին առկա չեն»,-ասում են գրասենյակից։

–00—ՅՄ