Մենք վստա՞հ ենք, որ այսօրվա «մարզավիճակով» հասարակությանը հետաքրքիր է Սյունիքը, միջանցքը

15/07/2025 10:00 Քաղաքական

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը

Մենք անընդհատ քննարկում ենք,  թե ո´ր ուժերն ու լիդերներն են գնալու ընտրությունների։ Բայց երբեք չենք խոսում այն մասին, թե ո´ր ժողովուրդն է գնալու ընտրությունների։

Սա վախենալու չափ մութ հարց է, բայց նաև հենց այս հարցի պատասխանն է որոշելու ընտրությունների ելքը, և հետևաբար՝ ընթացքը։

Մենք չգիտենք, թե հիմա ազգային ի´նչ մոտիվացնող և  կոնսոլիդացնող գաղափարներ կան։ Երբեմն, և գնալով՝ ավելի հաճախ, ստեղծվում է տպավորություն, որ մենք կորցրել ենք ընդհանրական հասարակության, ընդհանրական պետության, հավաքական նպատակների, և նույնիսկ՝ համակեցության ինչ-որ ընդհանրական նորմերի գիտակցումը։

Ընտրությունների գնալուց առաջ պետք է նախապատրաստել հասարակությանը այդ ընտրություններին։ Ցանկացած չեմպիոն մրցաշարից շատ ավելի վաղ տքնաջան մարզվում է։ Առանց մարզումների չկա հաղթանակ։ Ուղղակի հնարավոր չէ։ Նույնը՝ ընտրություններում։ Դիմացինի ցածր վարկանիշը չի երաշխավորում քո հաղթանակը։

Իսկ մենք վստա՞հ ենք, որ այսօրվա «մարզավիճակով» հասարակությանը հետաքրքիր է Սյունիքը, միջանցքը, Երևանի և Բաքվի բանտերում կատարվողը, անշտկելի ռիսկերը, որ արդեն մեր դռանն են, և այլ շատ բաներ, պետությունը՝ ընդհանրապես։

Ինչպես հասարակությանը նախապատրաստել ընտրություններին

Խնդիրը հստակ է. փոփոխությունների համատարած իռացիոնալ պահանջը վերափոխել մոտիվացված քվեարկության։

Սկսել մի քանի խոշոր հասարակական պրոյեկտներ։ Կոպիտ ասած, մինչև ընտրություն, լավագույն մարզավիճակի բերելու համար, հասարակությանը պետք է մարզել։ Սա արվում է հասարակությանը օրգանապես հետաքրքիր հանրային պրոյեկտների իրագործմամբ, որտեղ մարդը կտեսնի իրեն և իր մասնակցությունը։

Սրա համար պետք է միտք, ռեսուրս և մենեջմենթ. կհանդիպե՞ն իրար այս երեք գործոնները, ուղիղ մեկ տարի հետո Հայաստանում կլինի նոր իրականություն։

Ի դեպ, Նիկոլն իր համար անում է նույն բանը։ Շատ լավ հասկանալով իր ցածր վարկանիշը և իրենից հանրային հոգնածությունը՝ սկսել է իրականացնել մի քանի խոշոր հանրային պրոյեկտներ.

  1. Համատարած ռեպրեսիաներ
  2. Հաճելի սուտ
  3. Սոցիալական կաշառք

Բոլոր դիմադրողների հանդեպ՝ քրեական գործեր, կալանքներ, զիջումներով՝ խաղաղության մասին հաճելի լեգենդ, և վստահ եմ՝ ընտրություններից մի քանի ամիս առաջ բյուջեի հաշվին՝քաղաքացիներին սիրաշահում։

Այս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ։ Միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը, որպեսզի ընտրությունների օրը պարզապես քվեարկելով՝ երկրում փոփոխություններ լինեն։ Ի դեպ, միայն նման գործելաոճով է հնարավոր նաև նոր իշխանության ձևավորումը՝ չեզոքացնելով պետության համար անդառնալի կորուստներով լուծումների ռիսկերը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

–00—ՅՄ