ԱԺ-ում քննարկում են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցերը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հուլիսի 14-ին հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի եւ նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Շահնազարյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկման գործընթացին վերաբերող հարցեր:
Մերի Գալստյանը, ներկայացնելով հանդիպման 3 հիմնական նպատակները, նշել է, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր մանդատն է CEPA-ի արդյունավետ կիրարկումը խորհրդարանական վերահսկողության շրջանակում, ինչպես նաեւ դրա հանրային հաղորդակցության բարձրացմանը նպաստելը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ համաձայնագրի կիրարկման գործընթացում առաջացած խնդիրների վերհանումը եւ մատնանշել դրանց լուծման տարբերակները:
Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը մանրամասն ներկայացրել է համաձայնագրից բխող գնումների արդյունավետության եւ թափանցիկությանն ուղղված բարեփոխումները, մասնավորապես` էլեկտրոնային գնումների թվայնացման, թվային հարթակի ներդրման գործընթացը: «E-Procurement» էլեկտրոնային հարթակի մշակման եւ գործարկման նպատակով պետական գնումների արդյունքներն արդեն ամփոփվելու են այս տարվա հուլիսին, իսկ թվային հարթակի նախնական գործարկումը մրցույթի ամփոփումից հետո մեկ տարվա ընթացքում: Պետական գնումների ոլորտում իրականացվել եւ իրականացվում են մի շարք բարեփոխումներ դրանց թափանցիկության բարձրացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, բողոքարկման, հավասար հնարավորությունների ապահովման, շահերի բախման բացահայտման ընթացակարգերի լավարկման ուղղությամբ: Նախորդ տարիների համեմատ աննախադեպ նվազել է մեկ անձից գնումների քանակը ներդրված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ: Կարեւորվել է պետական գնումների արդյունքում մատուցվող ծառայությունների որակի անկախ վերահսկման գործառույթի կարեւորությունը: Այս գործընթացում էական է քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
Անդրադարձ է կատարվել գնումների ոլորտում առաջացած խնդիրներին, օրենսդրական դաշտում կատարված բարեփոխումներին եւ կարգավորումներին: Հիմնական մարտահրավերներն են գնումների կառավարման երկարաժամկետ եւ ռազմավարական պլանավորման կարողությունների զարգացումը, գնումների ընթացակարգերում տարբեր պետական օղակների ներգրավվածության մեծ քանակը եւ գործընթացի միկրո-կառավարումը, ինչն ավելորդ ծանրաբեռնում է համակարգը:
–00—ՍՊ