Փաշինյանը և Բելգիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման գործում` վստահություն հայտնելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել այսօր տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը` զարգացնելու գործակցությունը ԵՄ-ի հետ, այդ թվում` ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը և Բարտ Դը Վեվերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում` Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է:
–00—ՅՄ