Խաղաղություն, որը ԼՂ-ից տեղահանված 150,000 հայերին թողնում է անորոշության մեջ, չի կարող լինել կայուն
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում էի շվեյցարացի երկու խորհրդարանականների՝ Դաշնային-դեմոկրատական միության անդամ Էրիխ Ֆոնթոբելի և Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Լուկաս Ռայմաննի, ինչպես նաև «Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ջոն Էյբների հետ։ Մենք միասին ներկայացրինք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը ԱՄՆ-ին՝ կոչ անելով աջակցել այս ջանքերին։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։
«Երեքօրյա այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վանսի ազգային անվտանգության թիմի, Ներկայացուցիչների պալատի խոսնակի ազգային անվտանգության խորհրդականի, Պետդեպարտամենտի երկու փոխնախարարների, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան մի տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների հետ։ Հանդիպեցինք նաև ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի հետ։
Բացի այդ, մեզ ընդունեց Շվեյցարիայի դեսպանը Վաշինգտոնում, և նաև հանդես եկանք զեկույցներով Capitol Hill-ում, որին մասնակցեցին ավելի քան 150 խորհրդարանական աշխատակիցներ, քաղաքական որոշում կայացնողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը հիմնված է Շվեյցարիայի խորհրդարանի՝ 2025 թ. մարտին ընդունած բանաձևի վրա, որով Դաշնային Խորհրդին հանձնարարվում է հնարավորինս շուտ՝ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում, կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նախաձեռնության նպատակը բաց երկխոսության հնարավորություն ստեղծելն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև՝ միջազգային վերահսկողությամբ կամ դերակատարների ներկայությամբ, որպեսզի քննարկվեն պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ ու հավաքական վերադարձի հնարավորությունները։
Ստորև կիսվում եմ իմ անձնական տպավորություններով հանդիպումներից, որոնք չպետք է վերագրվեն մեր զրուցակից որևէ պաշտոնյայի։
Առաջին՝ որպես ընդհանուր քաղաքականություն, ԱՄՆ-ը առաջնորդվում է Նախագահ Թրամփի վճռականությամբ՝ հնարավորինս արագ խաղաղություն հաստատել որքան հնարավոր է շատ հակամարտություններում՝ օգտագործելով իր ազդեցությունը՝ խոչընդոտները հաղթահարելու և լուծման ճանապարհ հարթելու համար։ Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացը այդ քաղաքականության թիրախներից մեկն է։
Երկրորդ՝ Վաշինգտոնում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես ռազմավարական միջանցք՝ կենսական նշանակության էներգետիկ տարանցիկ ուղի, Իրանի սահմանին հարող բուֆերային գոտի և տարածաշրջան ինչպես նաև Ոուսաստանի և Իրանի, թեև թուլացող, ազդեցության ոլորտ։ Այս համատեքստում Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր՝ ոչ միայն որպես այլընտրանքային էներգիայի մատակարար, այլև՝ որպես երկիր, որը համագործակցում է Իսրայելի հետ անվտանգության ոլորտում և դաշնակից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Այս գործոններն Ադրբեջանին դարձնում են ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության առանցքային, թեև բարդ դերակատար։ Հայաստանը դիտարկվում է որպես երկիր, որն այլևս չունի խաղաքարտեր, սակայն անհրաժեշտ է նրան աջակցություն՝ խուսափելու համար նոր կորուստներից և ծայրահեղ զիջումներից։
Երրորդ՝ մեր բոլոր զրուցակիցները ըմբռնումով էին մոտենում Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությանը, հատկապես՝ վերադարձի իրավունքին։ Հանդիպումներից յուրաքանչյուրում հնչում էր նույն հարցը՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը կարող է խանգարել Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցություններին։
Մեր պատասխանը հստակ էր․ խաղաղություն, որը Լեռնային Ղարաբաղից տեղահանված 150,000 հայերին թողնում է մշտական անորոշության մեջ, չի կարող լինել կայուն։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնագաղթին և ինքնակառավարման համակարգի լուծարմանը լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում ամբողջ աշխարհում։ Վերադարձի իրավունքը քաղաքական զիջում չէ, այլ իրավական և բարոյական պարտավորություն՝ ամրագրված ՄԱԿ-ի կոնվենցիաներով և միջազգային մարդու իրավունքների փաստաթղթերով։
Այս առումով Շվեյցարական նախաձեռնությունը ոչ թե մրցակից կամ խանգարող գործընթաց է, այլ լրացնող հնարավորություն՝ ապահովելու չեզոք և սկզբունքային հարթակ երկխոսության համար, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձը։
Կարծում եմ, որ մեր այցը Վաշինգտոն շատ ժամանակին էր, իսկ քննարկումները առնվազն հուշեցին ԱՄՆ-ին, որ գոյություն ունեն այլընտրանքային տեսակետներ այն մոտեցումներին, որոնք պայմանավորված են կարճաժամկետ շահերով, նեղ հեռանկարով և արհեստական արագ լուծումներով»,- գրել է նա։
–00—ՅՄ