Նորից ուզում են կալանքի տանել. «Հրապարակ»
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը, որը կալանավորվել էր մայիսին, մեկ ամսից ազատ արձակվեց: Ինչ-որ շրջան նա ակտիվ բլոգերներից էր, լրագրողական հետաքննություններ էր անում, ուշադիր հետեւում էր Գյումրու անցուդարձին, այժմ անհետացել է սոցիալական հարթակներից:
Մոտ մեկ ամիս առաջ, երբ դատարանը չերկարացրեց Լիլիթին կալանավորելու ժամկետը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նրան նշանակեց իր խորհրդական: Նախկինում երկար տարիներ Աղեկյանը Վարդանիկի մամուլի խոսնակն է եղել: «Քրեական գործից ոչ մի նորություն չկա»,- ասաց նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը: Ինչո՞ւ է լռում Լիլիթը` պաշտո՞նն է պատճառը։
«Ոչ, ես նպատակահարմար չեմ գտնում, որ նա խոսի: Նրանք բողոքարկել են Լիլիթին կալանքից ազատելու որոշումը, եւ իր խոսելով նա խանգարում է: Մեզ պետք չէ հիմա նրանց բերանը լեզու դնել: Չէ՞ որ Լիլիթ Աղեկյանին խոսքի ազատության համար են ճնշում»,- ասաց Փոստանջյանը:
Հիշեցնենք․ Լիլիթ Աղեկյանին մեղադրում են խուլիգանության, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքի համար` 297-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 1-ին մասով եւ 489-րդ հոդվածի 2-րդ մասով:»:
–00—ԱՊ