Այսօր Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ

10/07/2025 21:16 Քաղաքական

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

Տեսա, որ ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի կողմից հրապարակված Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությունների վերաբերյալ գրառմանը արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը պնդելով, թե «հոգևորականները ձերբակալվել են Հայաստանում պլանավորված ահաբեկչական հարձակումների և քաղաքացիների սպանությունների միջոցով պետական հեղաշրջման փորձ կատարելու համար»։

Ցանկանում եմ Բրեդ Շերմանի և Արսեն Թորոսյանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ հոգևորականներից միայն Բագրատ Սրբազանը և Հրայր սարկավագ Հակոբյանն են մեղադրվում ահաբեկչության նախապատրաստման և իշխանության զավթման նախապատրաստման մեջ։

Մինչդեռ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել են հարցազրույց տալու համար և պահվում են Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի նկուղում (մեր ժողովրդին առավել հայտնի՝ որպես ԿԳԲ-ի պոդվալ), որը Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չփակեց։

Բրեդ Շերմանը և ԱՄՆ-ի մեր բոլոր գործընկերները պետք է հստակ իմանան, որ Հայաստանի Հանրապետությունը շեղվել է ժողովրդավարական ուղուց և իր ստանձնած միջազգային պարտավորություններից։
Այսօր մեր երկրում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ, իսկ բարերար Սամվել Կարապետյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քաղբանտարկյալներ են, որոնք կալանավորվել են գործող իշխանության ցուցումով՝ ընդամենը հարցազրույց տալու համար։

–00—ՍՊ