Շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունն է․ Բաքուն Երևանից ձգտում է ստանալ առավելագույնը

10/07/2025 19:35 Քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

Գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը։

Աբու Դաբիի հանդիպումից հետո պաշտոնական Երևանի տարածած հաղորդագրության մի դրվագի վրա ուզում եմ հատուկ կենտրոնանալ:

«Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»,- ասված է պաշտոնական Երևանի տարածած տեքստում:

Նման արձանագրումը միանգամայն բխում է Բաքվի շահերից ու ճիշտ հակառակը՝ բանակցային գործընթացը ծուղակ է դարձնում Երևանի համար:

Ուժային դիսբալանսի պայմաններում ուղղակի բանակցությունները օգտակար են միայն այն պարագայում, երբ կողմերն իսկապես ձգտում են փոխզիջման։

Որևէ մեկը, ով ամեն օր հետևում է Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարություններին կամ պետական պրոպագանդայի թեզերին, հիմնավորապես կպնդի հակառակը. Բաքուն Երևանից ձգտում է ստանալ առավելագույնը:

Ուղղակի բանակցությունները ներկայիս ուժային անհավասարության պայմաններում Հայաստանի համար կարող են շատ ավելի ռիսկային լինել, քան օգտակար, հատկապես եթե բացակայում են միջազգային հարթակներ, որոնք կարող են ապահովել բալանս, ճնշում և երաշխիքներ։

Որո՞նք են ուղղակի բանակցությունների վտանգները Հայաստանի համար:

Ադրբեջանն, օգտվելով ուժային առավելությունից, կարող է Հայաստանին պարտադրել միակողմանի պահանջներ՝
օրինակ՝տարածքային զիջումներ սահմանազատման անվան տակ, միջանցքային տրամաբանություն՝ կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում, փախստականների վերադարձ, բանակի կարողությունների կրճատում և այլն:

Միջնորդները որոշակիորեն հավասարակշռում են կողմերի դիրքավորումը՝ հատկապես թույլ կողմի՝ Հայաստանի շահերը պաշտպանելու տեսանկյունից։ Առանց այդ միջնորդների, բանակցային սեղանին կողմերը չեն գործում որպես հավասար սուբյեկտներ։
Ըստ այդմ, գործում է շարունակական կապիտուլյացիայի տրամաբանությունը:

Միջնորդակսն ձևաչափերում գործում են վերահսկողության, մոնիտորինգի և հստակ արձանագրման մեխանիզմներ։ Առանց դրանց՝ հայ- ադրբեջանական պայմանագիրը, եթե անգամ ստորագրվի, հուսալի խաղաղություն երաշխավորել չի կարող:

Այս գործոնները հաշվի առնելով՝ շարունակում եմ պնդել, որ Նոյեմբերի 9-ի համատեքստը չարյաց փոքրագույնն էր 44-օրյա պատերազմում պարտված Հայաստանի համար:

–00—ՍՊ