ՀՀ ԱԳ փոխնախարարը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը․ պարզաբանում
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր լրագրողի հարցին ի պատասխան վերահաստատել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը. փոխնախարարն իր խոսքում քանիցս շեշտել է ՀՀ համար առանցքային համարվող սկզբունքները, այդ թվում՝ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային իրավազորությունը, որոնց պետք է համապատասխանեն քննարկվելիք առաջարկները, լուծումները՝ չթողնելով տարընկալման տեղ։ Նախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը, երևույթը, այս մասին պարզաբանում է տարածել ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Չնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։
Ընդգծում ենք ևս մեկ անգամ, որ կապուղիների ապաշրջափակման տեսլականը խարսխված է վերոնշյալ հիմնարար սկզբունքների վրա և ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ իրականությունը, այդ թվում՝ միտումնավոր խեղաթյուրող հրապարակումներից, գործունեությունից։ Սույնով ակնկալում ենք թեման այլափոխած հրապարակումների հեռացում, հերքում և այս հրապարակման տարածում։
Ուղիղ մեջբերում փոխնախարար Սաֆարյանի խոսքից. «Այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության ներքո, եթե դա համապատասխանի այդ սկզբունքներին՝ այո, կարող է իրականացվել»»:
–00—ՅՄ