Չնայած ճնշումներին` մեզ հաջողվում է միջազգային գործընկերներին ներկայացնել ՀՀ-ում տիրող իրավիճակը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

«Արդեն չորրորդ տարին է՝ եվրոպական քաղաքական շրջանակների հետ փոխադարձ հետաքրքրության հարցեր քննարկելու և հարաբերություններն ամրապնդելու նպատակով, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այցելում է Բրյուսել։
Այդ այցելություններում ներառված են հանդիպումներ Եվրոպական միության օրենսդիր և գործադիր իշխանության՝ մեր տարածաշրջանի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների, ՀՅԴ գործընկեր՝ Եվրոպայի սոցիալիստական կուսակցության ղեկավարների, բելգիական քաղաքական շրջանակների հետ։
Այս տարվա այցից հետո, թերևս ավելի քան նախկինում, Հայաստանի իշխանությունների մոտ բարձրացել է հիստերիայի հերթական ալիքը։ Դրա պատճառը միայն այն չէ, որ մենք ի թիվս այլնի խոսում ենք արցախահայության իրավունքների պաշտպանությունից, ադրբեջանական ծավալապաշտությունից կամ ռազմագերիների ազատության խնդրից։ Իշխանական հիստերիայի պատճառը հիմնականում այն է, որ չնայած բոլոր ճնշումներին, ստահոդ պրոպագանդային, որ նրանք ՀՀ դեսպանատների միջոցով իրականացնում են ընդդիմադիր ուժերի նկատմամբ, մեզ, այնուամենայնիվ, հաջողվում է միջազգային գործընկերներին ներկայացնել իրականությունը ՀՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հայաստանի իշխանությունների խայտառակ վարքի պայմաններում բավական բարդ է մեր միջազգային գործընկերների հետ քննարկումներում մի կողմից ներկայացնել օբյեկտիվ իրականությունը, մյուս կողմից ներկա և ապագա քաղաքական գործընթացներում վտանգի տակ չդնել Հայաստանին արտաքին զորակցության հնարավորությունը։ Սա բարդ, բայց և նուրբ ու հմուտ աշխատանքի արդյունքում հասանելի քաղաքական առաջադրանք է։
Ի դեպ, Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում Դաշնակցությունը միակն է, որ անդամակցում է համեվրոպական այնպիսի խոշոր կուսակցության, ինչպիսիսն Եվրոպայի սոցիալիստական կուսակցությունն է, մենք նաև միակն ենք, որ ինստիտուցիոնալ հենքով մնայուն հարաբերություններ ունենք Եվրոպական խորհրդարանի մեծությամբ երկրորդ քաղաքական խմբի՝ սոցիալ-դեմոկրատների հետ։
Իսկ առաջիկա համագործակցության համար նախանշված կոնկրետ ծրագրերն ու դրանց ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջիկայում նորից թերևս հիմք կհանդիսանան հակադաշնակցական հիստերիայի համար։
ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինները, կուսակցության արտաքին քարտուղարությունը, ինչպես նաև ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը շարունակում են Հայաստանի ու հայության շահերի պաշտպանությանն ուղղված գործողությունները»։
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյան
–00—ՅՄ